Զանգ, 23 հոկտեմբերի, 1918թ., թիվ 64
Երևան, 23 հոկտեմբերի
Խմբագրական
Հայ Ժողովրդական կուսակցության լեզուն էլ է բացվել: Նա իր օրգանների մեջ ոչ միայն սկսել է իր երևակայական «ճյուղերի» և «Հայաստանի կոմիտեների» մասին խոսել, այլև իրեն նկատելի ուժ համարելով՝ սպառնացողի համարձակություն է ստանձնել: Եվ այն էլ գիտե՞ք ում անունից.— հայ ժողովրդի:
Կադետը՝ ժողովրդականի փոխելով, «Մշակն» էլ՝ «Ժողովրդի» ու «Ժողովրդի ձայնի»՝ Հայ Ժողովրդական կուսակցությունը արդեն ինքնավստահ, հայ կյանքում ինքն իրեն իրավատեր է ճանաչում, հետևապես ի գիտություն ամենքի հայտարարում է. «Հայաստանի Հանրապետության փլատակների տակ կմնան նրանք, որոնք կփորձեն խախտել ժողովրդի գերագույն իրավունքները»…
Տեսնո՞ւմ եք, թե ի՞նչ հոխորտանք է սա. հայ ժողովրդի գերագույն իրավունքների խախտողների դեմ է խոսում Հայ Ժողովրդական կուսակցությունը, անշուշտ հայ ժողովրդի հովանավորողի պատվավոր դերը իրեն վերապահելով:
Ով անծանոթ է հայ նորագույն պատմության, մանավանդ նրա վերջին երկու տասնյակ տարիների անցուդարձին, կարող է կարծել, որ հայ լիբերալիզմը իրոք այդ ուժն է ներկայացել. հայ կադետը, հայ պրոգրեսիստը, այսօր էլ, կերպարանափոխված նորածին Հայ Ժողովրդական կուսակցությունը հայ իրականության մեջ իրոք ակտիվ քաղաքականություն է վարել, բնականաբար էլ, «ճյուղերի» և «Հայաստանի կոմիտեների» ակնարկներն էլ ոչ թե շինծու բաներ են, այլ համապատասխանում են իրականությանը:
Չէ՞ որ, ուժ ունեցողը կարող է ուժից խոսել, ինչպես և ժողովրդի կամքը իր հետ ունեցողը՝ այդ կամքից: Սա է տրամաբանական հետևանքը, որ կարող է եզրակացնել յուրաքանչյուր միամիտ հավատացող: Իսկ որ միամիտներ ու հայ իրականությանն անծանոթներ կարող են լինել մեր մեջ, դա զարմանալի չէ:
Սակայն նրանք, որոնք ծանոթ են մեր կյանքին, գիտեն, որ գրության ու խոսակցության այն ինքնավստահ ձևը, որ կիրառում է այսօր Հայ Ժողովրդական կուսակցությունը, հնացած ու մաշված ձև է, որ ժամանակին գործադրել են հայ կադետն ու պրոգրեսիստը, կամ ավելի ճիշտ, մետամորֆոզայի ենթարկված նույն մարդիկ:
Դրանք հին խաբեական միջոցներ են, որոնք հատուկ են եղել թույլին և միշտ էլ գործադրվել են այն րոպեներին, երբ ժողովրդական աղետները մեր կյանքի մեջ բեկումն են առաջ բերել և պատճառ դարձել ռեակցիայի:
Ռեակցիայի օրերին է ահա, որ միշտ էլ գլուխ է բարձրացրել հայ կադետը, հայ պրոգրեսիստը, այսօր էլ Հայ Ժողովրդական կուսակցությունը և մութ տարրերը հենարան դարձնելով՝ արշավանք է սկսել այն միակ կուսակցության դեմ, որը երեսուն տարի շարունակ իր ուսերի վրա է տարել հայ ժողովրդի ծանր դատը, աշխատելով, որ վերջիվերջո հասնի այն երանելի ժամանակը, որ հայ ժողովուրդը ինքը լինի իր կամքի ու սուվերեն իրավունքների տերը:
Եվ երբ այդ օրը հասել է, երբ հայ ժողովուրդը ծանր երկունքներից հետո, ստեղծել է իր ազատ հայրենիքը, նա այսօր ունի իր հանրապետական Հայաստանը, Հայ Ժողովրդական կուսակցությունը հրապարակ է եկել, իշխող անարխիան, որը ծնունդ է արտաքին խեղդիչ պայմանների և արդյունք մեծապես համաշխարհային պատերազմի՝ վերագրելու Հ. Յ. Դաշնակցության և այդ ձևով վարկաբեկելու այն հզոր կուսակցությունը, որ դեռ երեկ, սահմանադիր ժողովի ընտրություններին, հայ ժողովրդի բացարձակ վստահությանն արժանացավ:
Հայ Ժողովրդական կուսակցությունը նորից հարություն է տվել իր հին գործելակերպին, մի գործելակերպ, որ քանիցս անգամ կիրարկված է հայ իրականության մեջ, սակայն միշտ էլ ի վնաս այն մարդկանց, որոնք իրենց և իրենց կուսակցության փրկությունը նման խոտորնակ գործելակերպի մեջ են տեսած:
Այդ գործելակերպից առաջացած փլատակների տակ են թաղվել ժամանակին հայ կադետը, պրոգրեսիստը, այժմ հերթը հասել է Հայ Ժողովրդական կուսակցությանը…