Զանգ, 2 հոկտեմբերի, 1918թ., թիվ 58
(փաստեր և առաջադրություններ)
VII
Բժշկա-առողջապահական խնամքը
Ոչ ոք կրնա ուրանալ, որ հիվանդություններու տարածման գլխավոր աղբյուրը սովածությունն ու նյութական անձկություն է. և ահա այդ բնական ճանապարհով ինչպես Երևանի ու շրջակայքի, նույնպես և Գըրք-Բուլաղի և Ախտայի շրջանի մեջ երկու շաբաթե ի վեր ծայր տված են տիֆ, խոլերա և այլ վարակիչ հիվանդություններ, որոնք հետզհետե մեծ չափեր կընդունեն և օրական 4-5 զոհեր կտանեն. և ի՞նչ արգելառիթ միջոցներ են ձեռնարկված այս ամենի դեմ.— շատ քիչ և համարյա ոչինչ. խոլերայի բարակ մը հաստատելու հրահանգ եղած է, որու հսկողությունը հանձնված է բժշկուհի Դիլանչյանին, կա նույնպես հիվանդանոց մը, որ նույնպես հիշյալ բժշկուհու խնամքին հանձնված է, իսկ ամբուլատորիան հանձնված է բժ. Ասլանյանին:
Ախտայի շրջանի համար անհրաժեշտ է մնայուն բժշկական խումբ մը շրջուն ֆելդշերներով, իսկ հիվանդանոցի համար անհրաժեշտ է ունենալ փորձված ու հմուտ բժիշկներ, զարմանալի է, որ բժ. Ասլանյանի պես փորձված մեկի մը կհանձնվի միայն թեթև ամբուլատորիա մը, մինչդեռ անդին հսկայական գործ կա այդ ուղղությամբ, հմուտ ձեռքերու կարոտ:
Անցնենք Գըրք-Բուլաղ:
Այստեղ բժշկա-առողջապահական վիճակը ավելի անմխիթար պատկեր մը կներկայացնե, Բաշգյուղի մեջ հունիսի ընթացքին բացված է ամբուլատորիա մը: Բժշկուհի մը հրավիրված է այդ ամբուլատորիան ղեկավարելու, վերջինս, ըստ երևույթին, հասակավոր և վատառողջ մեկն է. իր սեղանի վրա կգտնվեն քանի մը հատ կիսատ շշեր դեղերով և ապա տասնյակ մը դատարկ սրվակներ — դեղորայք չունի. գոնե այդպես տեսա ես երեք շաբաթ առաջ, երբ գործով այդ գյուղը հանդիպեցա. ինք՝ բժշկուհին կողմնակի կերպով խոստովանած էր, որ դատարկ բան է այդ ձևով ամբուլատորիա բանալ. մեզ համար իհարկե հետաքրքիր չէ, թե ո՞վ է բացեր այդ ամբուլատորիան, կարևորը այդ ամբուլատորիայի ղեկավարությունն ու պահպանությունն է, քանի որ ծախք կըլլա վրան. ցանկալի է, որ Գլխավոր խորհուրդը իբրև կեդրոնական մարմին, հետևե այդ կարգի ձեռնարկներուն, իսկ բժշկա-առողջապահական մարմինը ավելի ևս:
Անհրաժեշտ է շրջուն բժիշկ մը այս շրջանին համար, որու հսկողության հանձնվի Ելենովկայեն Ախտա և Ախտայեն Քանաքեռի շրջանը, որուն ենթարկվի Ախտայի բժշկական խումբը, Բաշգյուղի ամբուլատորիան ևն: Ատկե անկախ մեկ-մեկ ամբուլատորիա հիմնվելու են Ալափարսի և Ելենովկայի մեջ իբրև կեդրոններ և կետեր. առաջինի մեջ ավելի անհրաժեշտ է, որովհետև հիվանդություն հոն ավելի մեծ չափեր ընդունած է:
Այս ամենեն հետո, բժշկական կամ ֆելդշերական խումբը պարտականություն ստանձնելու է հսկելու գյուղերու փողոցներու, տուներու և ճամփաներու, ինչպես և գետերու և աղբյուրներու մաքրության, անձամբ ականատես եղած եմ, թե ինչպես օրերով և ամիսներով սատկած կենդանիներու դիակներ մնացեր են ճամփաներուն վրա. զգուշավոր վերաբերվելու է նաև ժողովուրդը Բաշգյուղի մեջ, ուրկե ծնունդ կառնի Երևանի ջուրը. այդ ջուրը ամենատարրական անզգուշության հետևանքով կրնա վարակվիլ, քանի որ պետք եղած պահպանությունը կպակսի ջուրի ակունքներուն մոտ:
Այնուհետև բացարձակապես արգիլելու է բանջարեղեններու և պտուղներու առևտուրը և Երևանեն, որովհետև Ախտա, Ելենովկա և մասամբ ալ Գըրք-Բուլաղ պտուղներե և բանջարեղեններե աղքատ ըլլալով՝ մեծ ուրախությամբ կսպառեն քաղաքեն մինչև գյուղ բերված ամենահին և փտած պտուղներն ու բանջարեղեններն անգամ, որոնցմե շատ դյուրությամբ կառաջանան հիվանդություններ:
VIII
Փախստականության տեղավորումը և վերադարձ դեպի իրենց վայրեր
Վարակիչ հիվանդություններու տարածման կնպաստե և մի այլ հանգամանք — փախստականներու անապաստան և անօթևան վիճակը:
Յուրաքանչյուրը այդ ընտանիքներեն սովորական — խաղաղ պայմաններու մեջ մեկ-մեկ օջախներու տերեր էին, որոնք քիչ շատ տնտեսական բարեկեցիկ կյանք կվայելեին. այժմ տնտեսական, ստամոքսային պահանջներու անբավարարության հետ մեկտեղ, անոնք զրկանք կքաշեն նաև հաստատուն կացարանի, բնակարանի, տաք անկյունի մը:
Բնակարանային և տեղավորման խնդրի առթիվ ինչպես քաղաքի, նույնպես և շրջանի մեջ առաջացեր են սուր միջադեպեր, էքսցեսներ են. հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել այդ կետին վրա, որովհետև այդ կարգի դեպքերը հաճախ մեծ անկարգություններու կհասնեն:
Այդ առթիվ պարենավորման լիազորներուն վրա մեծ պարտականություն կիյնա. անոնք իրենց պաշտոնին բերումով դասավորելու են բնիկներն ու փախստականները, գոնե ծածկերու տակ մտնեն խեղճերը:
Այս աշխատանքները լրիվ և բարեխիղճ կերպով կատարելու համար անհրաժեշտ է տեղացիներու և փախստականներու ցուցակագրությունն ունենալ շատ խնամքով պատրաստված, որուն համաձայն դասավորելու է զանոնք զանազան վայրեր և հատկացնելու է հարկ եղած օգնությունը:
Որպեսզի վերոհիշյալ չարիքներու առաջ հիմնականորեն առնվի, մինիստրության վրա պարտք կիյնա հետևողականորեն հետապնդելու թուրք կառավարության մոտ, որպեսզի գրավված վայրերու ժողովուրդը օր առաջ հնարավորություն ունենա իր սեփական օջախը վերադառնալու. գոնե Սուրմալուի, Սարդարապատի, Ղուդուղուլիի, Ղամարլուի ժողովուրդին համար փութացնելու է այդ կարգադրությունը:
Հանդիպած եմ շատ հիվանդներու, որոնք հիվանդացեր են միմիայն իրենց ծննդավայրերու կարոտեն. այդպիսինները տեսա ես սուրմալուեցիների և ղամարլուեցիներու մեջ, որոնք հսկայական հարստություն ու ցանքսեր թողեր եկեր են:
IX
Սպառողական խանութներ և մթերքներու հայթայթումը
Ամեն կարգի օժանդակութենեն ավելի, Գլխավոր խորհուրդը եթե իրապես հնարավորություն ունի, ցանկալի է, որ որոշ վայրերու մեջ փախստականներու համար բանա սպառողական խանութներ. ով որ ապրած է և նույնիսկ թեթև կերպով հետաքրքրված է գավառական կյանքով, նա կարող է զգալ և ըմբռնել, թե ի՞նչ կարգի կողոպուտներ տեղի կունենան այդ խեղճերու վերաբերմամբ: Ամենահասարակ առարկան և կենսամթերքը այնպիսի արժեքներու կբարձրանա, որ զզվանք միայն կարող է պատճառել: Կենսամթերքներու հայթայթումը մատչելի գներով — ահա ամենամեծ օժանդակությունը, որ կարող է ավել Գլխավոր խորհուրդը այսպիսի անկյուններու մեջ: Խանութներու հետ մեկտեղ, մինիստրության միջոցով շրջանառության մեջ պետք է դնել և մանր փող. վերջինիս սուր կրիզիսը այնքան զգալի է, որ կյանքը հաճախ կանգ կառնու մանր փողի չգոյության հետևանքով:
Մատնանշված հարցերը այնպիսի հարցեր են, որոնք անմիջականորեն կապ և առնչություն ունեն կառավարության հետ. և ներկայիս մենք ալ, որպես սեղմ օղակի մեջ ամփոփված ամբողջությունը մը, պարտական ենք մեր գործերը ներդաշնակել և մեկ հայտարարի վերածելով՝ օգտվել անցյալի սխալ ու տարանջատ գործունեութենեն. այդ ձևով միայն մենք հնարավոր կգտնենք այս սարսափելի աղետին թեթևությունը, այլապես մեկ մարմին, ինչքան ալ գերմարդկային ուժեր ունենա, երբևիցե իր միակ ուժերով չի կարող ամենաթեթև օժանդակությունն անգամ հասցունել այդ խեղճ ու հալածական ժողովրդին:
Հր. Կարինյան