«Ազգ», օգոստոսի 5, հինգշաբթի, 1993թ.
Պոլյանիչկոյի սպանության հետաքննությունը վերահսկում է անձամբ Ռուսաստանի նախագահը, ՌԻԱ-ի թղթակցին հայտնեց արտակարգ իրավիճակի գոտու ժամանակավոր աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Շատալինը, իսկ Ռուսաստանի վարչապետի տեղակալ Սերգեյ Շախրայը հույս հայտնեց, որ հետաքննությունը կարճ կտևի ու արդյունավետ կլինի: Ըստ Շախրայի երկրի ամենաբանիմաց փորձագետներն են զբաղվում այդ գործով:
Պոլյանիչկոն 3 օր մահից առաջ տվել էր վերջին հարցազրույցը ՌԻԱ-ի թղթակցին, որում նշվել էր, որ ռիսկը իր համար սովորական իրավիճակ է: «Ես գիտեմ, որ եթե վաղն ինձ հետ ինչ-որ բան պատահի, ոչ ոք ինձ չի կարող մեղադրել, նրանում, որ ես դավաճանել եմ մեկն ու մեկին: Թեև ինձ շատ են դավաճանել ու մեծ հարցերում: Բայց ես ազնիվ կյանքով եմ ապրել»,– ասել էր Պոլյանիչկոն:
Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք նա սնոտիպաշտ է, թե ոչ, Պոլյանիչկոն հետևյալն է ասել. «Աֆղանստանում ես մի սովորություն ունեի: Ինքնաթիռ կամ ուղղաթիռ նստելուց մտաբերում էի իմ թոռներին: «Դե, հրեշտակներ, եկեք ինձ մոտ»: Լինում էր, որ ուղղաթիռը խփում էին, բայց միշտ բարեհաջող վայրէջք էր կատարում: Եթե դա սնոտիապաշտություն է, ուրեմն ես սնոտիապաշտ եմ»:
Հազարավոր սպաներ երեկ Մոսկվայում ներկա էին Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը Վիկտոր Պոլյանիչկոյի և Վլադիկավկազի կայազորի հրամանատար Անատոլի Կորեցկու հետ վերջին հրաժեշտի արարողությունը: ռուսաստանի նախագահի անունից ցավակցություններ հայտնեց վարչապետի առաջին տեղակալ Օլեգ Լոբովը: Արարողությանը ներկա էին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը, նախարարներ, ժողովրդական պատգամավորներ: «Ազգ»