«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ.
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակեց մի հայտարարություն, ուր մասնավորապես ասվում է.
«Նախարարությունը գնահատում է միջազգային հանրության, մանավանդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շարունակվող հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ: Հակամարտության կողմերի միջև վստահության պակասը, Բաքվի իշխանությունների ներքին վիճակի անդրադարձը ռազմական իրադրության վրա, տարածաշրջանի տարբերեր երկրների շահերի տարբերությունները և շրջափակումների կուտակված հետևանքները հանգեցրին տարածաշրջանում ռազմական գործողությունների վերջին էսկալացիային: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 853 բանաձևն այս իմաստով կարևոր քայլ է կայուն զինադադարի հաստատման խոչընդոտների վերացման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է հատկապես ուղղակի շփումների քաջալերանքը բանաձևի մեջ, ինչը, մեր գնահատմամբ, զորակցության դրսևորում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հանդեպ: ԵԱՀԽ-ի կողմից ուղղակի կապերը սատարելու պարագայում դրանք կարող են վերածվել կայուն զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման հասնելու առավել գործնական միջոցի: ՄԱԿ-ի 853 բանաձևի մեջ կարևոր ենք նկատում նաև քաղաքացիական անձանց վրա հարձակումների և բնակավայրերի գնդակոծությունների և հրետակոծությունների դատապարտումը, որ վստահաբար վերաբերում է Ադրբեջանի կողմից Կապանի, Վարդենիսի, Ստեփանակերտի դեմ իրականացված գործողություններին:
ՀՀ ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում հետևել Հայաստանի օրինակին՝ բաց հայտարարելով իրենց տարածքներով անցնող ճանապարհները: Հայաստանն իր խոր մտահոգությունն է հայտնում ՄԱԿ-ի 853 բանաձևի այն կետի առնչությամբ, որը փորձում է կանխորոշել Մինսկի խորհրդաժողովի արդյունքները: Հայաստանը հույս է հայտնում, որ այսուհետև միջազգային հանրությունը, ըմբռնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և անվտանգության առջև ծառացած սպառնալիքները, ավելի հավասարակշռված դիրքորոշում կցուցաբերի հարցերի նկատմամբ: Հայաստանը բոլոր կողմերին կոչ է ուղղում հեռու մնալու ռազմական գործողություններից ու սադրանքներից և շարունակում է հավատալ, որ հարցի կարգավորման լավագույն ատյանը մնում է ՄԱԿ-ի զորակցությամբ ԵԱՀԽ-ի Մինսկի գործընթացը»: