«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)
Օգոստոսի 23-ին, ժամը 22.00-ից, Լենքորանում զինված բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի եւ Թալիշ Մուղանյան Հանրապետության ղեկավար Ա. Գումբատովի կողմնակիցների միջեւ։ Գումբատովը իր երկու հարյուր կողմնակիցների հետ թաքնվել է 704-րդ բրիգադի տեղամասում, որը լիովին շրջապատված է Ադրբեջանի ներքին զորքերի զորամասերի եւ տեղի բնակչության զինված խմբերի կողմից ու ռմբակոծվում է զրահամեքենաներից ու նռնականետներից։ Ընդ որում, բրիգադի հրամանատարը հերքում է իրենց տարածքում ապստամբ գնդապետի ներկայության փաստը։ Օգոստոսի 24–ին Լենքորանի վարչակազմի շենքի դիմաց շարունակվել է բազմահազարանոց միտինգը։
Լենքորանի շրջանի գործադիր իշխանության նոր ղեկավար Դիլարուբա Ջամալովան հարցազրույցի ժամանակ իրադրությունը գնահատել է որպես ճգնաժամային։ Նա տագնապում է, որ Գումբատովի մարդիկ քաղաքի իշխանությունը գրավելու նոր փորձ կանեն։ Չնայած դրան, Ջամալովան հայտարարել է, որ նրանց չի հաջողվի վերահաստատել իրենց ռեժիմը։ «Մենք բավարար ուժեր, այդ թվում եւ զինված ուժեր ունենք, որպեսզի դիմակայենք հանցագործներին, որոնց նպատակները չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին»:
Որպես տեղեկանք. Դիլարուբա Ջամալովան 1980–1988թթ. աշխատել է Լենքորանի մարզկոմի կոմկուսի առաջին քարտուղար, վերջին տարիներին եղել է տեղի համալսարանի պրոռեկտորը։
«Սնարք»