November 27, 2024

Գազը կհասնի՞ Հայաստան

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

ՀՀ նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի Աշգաբադ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված բազմաթիվ միջպետական եւ միջկառավարական փաստաթղթերից Հայաստանի համար ամենակենսականը, անկասակած, գազի մատակարարումները կարգավորող համաձայնագիրն է։ Երկու երկրների նախագահները համաձայնության են եկել այսուհետ ոչ միայն շարունակել գազի առաքումը Հայաստան, այլեւ մեծացնել չափաքանակները։

Ինչպես այդ կապակցությամբ Աշգաբադում երկու երկրների նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց Թուրքմենստանի նախագահ Ս. Նիյազովը, Թուրքմենստանն ինքն է շահագրգռված Հայաստան գազի առաքումների ծավալների մեծացման խնդրում, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որը թուրքմենական գազի դիմաց պարտքեր չունի։ (Դեռ ավելին, ինչպես մեզ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Եղիազարյանը, այսօրվա դրությամբ Հայաստանը նույնիսկ 9 մլն դոլլար դրական հաշվեկշիռ ունի Թուրքմենստանի հետ իր առեւտրատնտեսական հարաբերություններում)։ Երկու երկրների միջեւ տնտեսական փոխհարաբերությունները կատարվում են ապրանքափոխանակության կարգով՝ հիմք ընդունելով միջազգային գները։

Ինչպես նախկինում, այսուհետ եւս գազի դիմաց Հայաստանը Թուրքմենստանին կմատակարարի մեքենաշինական սարքավորումներ, հաստոցներ, ավտոպահեստամասեր, «Երազ» ավտոմեքենաներ, ոսկերչական արտադրանք, էլեկտրատեխնիկական իրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, կոշիկ, բժշկական, շինարարական նյութեր եւ այլն։ Այս ամենը Հայաստանի նախագահին հնարավորություն է տվել ներկայանալ ոչ որպես խնդրատու եւ համաձայնություն ձեռք բերել, որ մինչեւ նոյեմբերի 1-ը Հայաստան առաքվի օրական շուրջ 8.5մլն խմ գազ, իսկ նոյեմբերից սկսած ամենօրյա առաքումների ծավալը հասցնել մինչեւ 9.5-10.5մլն խմ-ի։

Հայաստանը խոստացել է մինչեւ հոկտեմբերի 15-ը Թուրքմենստանին կանխավճարի կարգով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ եւս ուղարկել։ (ՀՀ նախագահի այցին նախորդել էր Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքի խմբաքանակի առաքումը Աշգաբադ)։ Իր հերթին, նախագահ Ս.Նիյազովը վստահեցրել է, որ Թուրքմենստանը կկատարի իր ստանձնած պարտավորությանները։ «Թուրքմենական կողմը միշտ էլ հավատարիմ է բարեկամությանն ու համագործակցությանը եւ բոլոր ստորագրված համաձայնագրերը խստորեն կկատարվեն։ Ոչ մի խախտում թույլ չենք տա»,– հայտարարեց նա։ Ավելին, վստահեցրեց, որ երրորդ երկրները չեն կարող ներազդել երկկողմ տնտեսական հարաբերությունների ծրագրերի վրա, իսկ այդպիսի փորձերի դեպքում ներմուծողի դեմ միջագգային օրենքների համաձայն կձեռնարկվեն պատժամիջոցներ։ (Շատ թափանցիկ այդ ակնարկը կարող է վերաբերել առաջին հերթին Վրաստանին, որը, չնայած մինչեւ տարեվերջ Թարքմենստանին բոլոր պարտքերը վճարելու խոստումին, հազիվ թե կարողանա նախատեսված ժամկետում մարել դրանց գեթ մի մասը)։ Վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ այս անգամ այդ պատժամիջոցները կարծես թե մշակվել են։ Նախատեսվում է, որ տրանզիտի երկրները գազատարից իրենց չափաբաժնից ավելի վերցրածի դիմաց կվճարեն հնգապատիկ գներով։

Մեկնաբանելով այս համաձայնագիրը՝ «Հայգազարդ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ռոլանդ Ադոնցը նշեց, որ այն իրագործվելու դեպքում հանրապետության բնակչության վիճակը կբարելավվի։ Բայց մտահոգություն արտահայտեց, որ Թուրքմենստանից եկող 2300կմ խողովակաշարի ոչ բոլոր կոմպրեսորային կայաններն են բարվոք վիճակում, եւ դժվար կլինի համաձայնագրի

տեխնիկական հնարավորությունների ապահովումը։ Օրինակ, ներկայումս շարքից դուրս է եկել Ղազախստանում գտնվող «Օպորնայա» կոմպրեսորային կայանը։ Եվս մեկ կոմպրեսորային կայան չի աշխատում Օսիայի եւ Ինգուշիայի սահմանում։ Մինչդեռ Ռուսաստանից օրական առնվազն 74մլն խմ գազ պետք է մուտք գործի Դաղստան, որպեսզի գոնե 10 մլն խմ հասնի Հայաստան։ Նա նշեց նաեւ, որ գազի ծավալների նախատեսվող մեծացման դեպքում բնակչությանը գազ կմատակարարվի 1000խմ–ը 15.000 ռուբլի վճարով։ Հաշվարկված է՝ միայն գազից օգտվելու դեպքում մեկ բնակչին ամսական անհրաժեշտ է 20խմ գազ։ Այդ դեպքում 4 հոգանոց ընտանիքը գազի համար ամսական պետք է վճարի 1200 ռուբլի։

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives