«Երկիր», 25 օգոստոսի, 1993թ., թիվ 160 (501)
ԼՂՀ ռազմաճակատներում իրավիճակը մնում է խիստ լարված։ Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից, անցած օրը շարունակվել են մարտերը հանրապետության հարավային սահմանների երկայնքով։ Հատկապես դաժան մարտեր են ընթանում Լաչինի մարդասիրական միջանցքի հարավում։ Ադրբեջանական ռազմական միավորումներն ակտիվորեն օգտագործում են մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրետանի և «Գրադ» կայանքներ, հարվածներ հասցնելով Գորիս-Լաչին-Ստեփանակերտ մայրուղուն հարող տարածքին։ Ղարաբաղի զինված ուժերի միավորումները պատասխան քայլեր են ձեռնարկում` լռեցնելու թշնամու կրակակետերը։ Երկու կողմերն էլ կորուստներ ունեն։
Օգոստոսի 23-ի երեկոյան ադրբեջանական բանակը կրկին հարձակում ձեռնարկեց ԼՂՀ պաշտպանական բանակի Մարտակերտի հյուսիս-արեւմուտքում գտնվող դիրքերի ուղղությամբ։ Հակահարված ստանալով՝ հակառակորդը նահանջեց նախկին դիրքերը։ Ղարաբաղյան կողմից երկու մարտիկ վիրավորվել է։
Օգոստոսի 23-ին Ջեբրայիլ շրջկենտրոնի շրջակա բարձունքները վերահսկող մեր մարտիկներն արձանագրել են, որ ադրբեջանական ռազմական միավորումները լքում են նաև այս քաղաքը։ Հիշեցնենք, որ նախօրեին նրանք ինքնակամ թողել էին Ֆիզուլին։ Այս անգամ եւս ղարաբաղյան մարտիկներին հրամայված է չմտնել Ջեբրայիլ և հսկողության տակ պահել մոտակա ողջ տարածքը։ ԼՂՀ պաշտպանության նախարարության վկայությամբ, խաղաղ բնակչությունն այստեղից, ինչպես նաև գոտու մյուս բնակավայրերից վաղօրոք դուրս է բերվել։
Ռազմաճակատային գծի մյուս հատվածներում էական փոփոխություններ չկան։ Օգոստոսի 23-ի երեկոյան հեռահար հաուբիցներից հրետակոծվել է ՀՀ Նոյեմբերյան շրջկենտրոնը։ Սի քանի բնակելի տուն ավերվել է։ Նախիջեւանի կողմից հրետանային կրակ է բացվել Վայքի շրջանի Խնձորուտ ևԲարձրունի գյուղերի ուղղությամբ։ Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։
«Հայլուր»