Հայաստանի Հանրապետություն, 24 օգոստոսի, 1993թ., թիվ 167(771), երեքշաբթի
Ստացված վերջին օպերատիվ տվյալների համաձայն, իրադրությունը ԼՂՀ-ի հարավ-արևելքում հարաբերականորեն կայուն է: Ղարաբաղցիները շարունակում են պահպանել հրադադարի երկկողմ համաձայնությունը:
Մինչդեռ այսօր առավոտյան հակառակորդի հրետանին գնդակոծել է ղարաբաղցիների դիրքերը Ասկերանի շրջանում: Միաժամանակ, ադրբեջանական բանակի կազմավորումները պարբերաբար անհաջող գրոհներ են ձեռնարկում Կուբաթլիի տարածքից՝ Լաչինի մարդասիրական միջանցքի ուղղությամբ առաջանալու նպատակով:
Ադրբեջանական աղբյուրներն այսօր նոր աղմուկ են բարձրացրել «հայերի կողմից Ֆիզուլին գրավելու» մասին: Ասենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի լրատվական միջոցները, պաշտոնական աղբյուրները այս ապատեղեկատվությունը տարածում են արդեն երրորդ, թե չորրորդ անգամ: ԼՂՀ-ի պաշտպանության բանակի շտաբը վերստին հերքել է դա: Իրողությունն այն է, որ օգոստոսի 22-ին ադրբեջանական զինվորականների վերջին խմբերը, առանց դրա համար նկատելի պատճառ ունենալու, լքել են Ֆիզուլին՝ տանելով հրետանին, հրթիռային կայանքներն ու զրհատեխնիկան: Այս ամենը շատ լավ դիտարկվում է այն բարձունքներից, որտեղ դիրքավորված են ԼՂՀ-ի պաշտպանության բանակի ջոկատները: Նրանց հրամայված է չմտնել դատարկված շրջկենտրոն: Այստեղ այն կարծիքին են, որ ադրբեջանցիները Ֆիզուլին թողել են իրենց հանրապետությունում շարունակվող ներքաղաքական վայրիվերումների հետևանքով, ինչպես նաև «հայերի ագրեսիայի» առասպելի շուրջ միջազգային աղմուկը բորբոքելու նպատակով, որն ըստ ամենայնի, հովանավորվում է Թուրքիայի կողմից: