«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ
Մինսկի խմբի անդամ երկրների հերթական կոնսուլտացիաների անցկացման և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մարտական գործողությունների մի շարք գոտիներում իրադրության բարդացման կապակցությամբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանը դիմում է հղել եվրախորհրդակցության գործող նախագահ տիկին Մարգարետ ԱՖ Ուգլասին: Եվրախորհրդակցության շրջանակներում երաշխավորված համաձայնությունների կնքմանը խանգարող հիմնական խնդիրները, նշվել է դիմումի մեջ, ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կարգավիճակի բացակայությունն է, Թուրքիայի եռանդուն մասնակցությունը միջնորդի դերում և կողմերի համաձայնությունների կատարման հստակ երաշխիքների բացակայությունը:
Այնուհետևև, Կ. Բաբուրյանը հույս է հայտնել, որ ԼՂՀ-ի պատվիրակության մասնակցությունը, որի մասին որոշում կայացվեց լուրջ դժվարություններով, պետք է նպաստի առաջընթացին բանակցությունների նշված հիմնակետերում: «Մենք Ադրբեջանից սպասում ենք ավելի իրատես մոտեցում ստեղծված կացության նկատմամբ, ասում է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների հերթական սաստկացմանը, ասված է դիմումի մեջ, ապա, մեր կարծիքով, դա կապված է այդ հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական պայքարի և, որոշակիորեն, Ադրբեջանի նախագահի առաջիկա վստահության հանրաքվեի հետ: Այդ ամենին նպաստում է այդ հանրապետության զանգվածային լրատվության միջոցների հակասական քարոզչական արշավանքը:
«Վերջին շրջանի կարևոր դրական իրադարձություններից էին Ադրբեջանական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական անձանց երկկողմ հանդիպումները: Այդ շփումների ընթացքում համաձայնություններ էին կայացվել հրադադարի և երկու հանրապետությունների ղեկավարների բարձրաստիճան հանդիպման նախապատրաստության մասին: Մենք Եվրախորհրդակցության անդամ երկրներից խնդրում ենք աջակցել և օժանդակել նմանօրինակ շփումների կարգավորմանը, որոնք դառնային Հռոմի հանդիպումների բաղկացուցիչ մասը: Մենք վստահ ենք, որ հաշտության հասնելուն ուղղված ջանքերի միավորումը իրական հնարավորություն ունի նոր որակ ստեղծելու այդ գործընթացում»,— ասված է դիմումի մեջ: