«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1993թ., թիվ 161(765), շաբաթ
Օգոստոսի 12-ի առավոտյան Հռոմում Մինսկի խմբի 9 երկրների ներկայացուցիչների և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների մասնակցությամբ գումարվել է նիստ, որտեղ ներկայացվել են քննարկվող փաստաթղթերի նոր տարբերակները (ժամանակացույց, հակամարտության գոտի, համատեղ կոորդինացնող հանձնաժողով):
Նույն օրը կեսօրից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիտողությունները վերոհիշյալ փաստաթղթերի վերաբերյալ:
Ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնեցին ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ավարտին Մինսկի խմբի նախագահությունը հայտարարել է, որ առաջիկա 3-4 օրվա ընթացքում կողմերին կուղարկվեն փաստաթղթերի վերջնական տարբերակները: Դրանից հետո նրանց կտրվի մի քանի օր ժամանակ՝ պատասխանելու համար: Բոլոր կողմերի դրական պատասխանի դեպքում կորոշվի ժամանակացույցի իրականացումն սկսելու ամսաթիվը, և անմիջապես տարածաշրջան կժամանի ստուգող առաքելությունը: Եթե կողմերից որևէ մեկի պատասխանը լինի բացասական, կամ կրկին առաջ քաշվեն սկզբունքային հարցեր, Մինսկի խումբը կդիմի Անվտանգության խորհուրդ:
Արմենպրես