«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ
Հայաստանի Հանրապետության անկախության ամրապնդման և զարգացման հիմնական երաշխիք համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը,
գտնելով, որ խաղաղության հաստատումը բխում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և զարգացման կենսական շահերից,
կարևորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնապաշտպանության դերը նրա անվտանգության ապահովման գործում,
արձանագրելով, որ ինքնապաշտպանությունը դեռևս շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության միակ իրական երաշխիքը,
ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԽ-ի աճող շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ,
արձանագրելով հանդերձ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 և թիվ 853 բանաձևերի կիրարկմանն ուղղված ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ինը երկրների կողմից ներկայացված հրատապ քայլերի ժամանակացույցերում նսեմացված է թշնամական ակտերի, այդ թվում շրջափակումների դադարեցման դերը կայուն հրադադարի հաստատման գործում,
այնուամենայնիվ համարելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ԼՂՀ-ի անվտանգության քաղաքական երաշխիքների ստեղծման հնարավորություն են ընձեռում,
անհրաժեշտ համարելով ինքնապաշտպանությանը զուգահեռ անվտանգության երաշխիքների ստեղծման բոլոր հնարավորությունների օգտագործումը,
ՀՀՇ վարչությունը գտնում է.
- Հակամարտող կողմերը՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանը, ձեռնպահ պետք է մնան ռազմական գործողությունների և թշնամական ակտերի ծավալումից,
- ԼՂՀ-ն և Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԽ-ի կողմից հովանավորվող երկխոսություններին և բազմակողմ բանակցություններին իրենց գործուն մասնակցությամբ պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղության կայուն գործընթացի հաստատմանը,
- Հայաստանի Հանրապետությունը պետք է պնդի ԵԱՀԽ-ի փաստաթղթերում ռազմական գործողությունների դադարեցման հետ զուգահեռ շրջափակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 և 853 բանաձևերում:
- Կայուն հրադադարի հաստատման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել հակամարտության գոտու սահմաններն այնպես, որ ապահովվի ԼՂՀ-ի իրական ապաշրջափակումը և անվտանգությունը:
ՀՀՇ վարչություն