«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ
Հռոմում իննյակի երկրների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ խորհրդակցություններից հետո, օգոստոսի 11-ին տեղի ունեցան ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչների և նախորդ օրը երեկոյան Հռոմ ժամանած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության հանդիպումները:
Ինչպես Արմենպրեսի թղթակցին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայությունից, տեղի է ունեցել երկու հանդիպում՝ առավոտյան և կեսօրից հետո, որոնք ընդհանուր առմամբ տևել են մոտ յոթ ժամ: ԼՂՀ պատվիրակության կողմից տրվել է տարածաշրջանի իրավիճակի գնահատականը, արվել են առաջարկություններ քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ: Ինչպես արդեն հաղորդվել է, քննարկման առարկա են ժամանակացույցի նոր տարբերակը, հակամարտության գոտին և համատեղ կոորդինացիոն հանձնաժողովի կարգավիճակը սահմանող երկու փաստաթղթերը:
Երկուստեք պարզաբանումներ են արվել վերոհիշյալ հարցերի շուրջ: Սպասվում էր, որ, հասցնելու դեպքում, ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները, երեկ, օգոստոսի 12-ին, իննյակը պետք է ներկայացներ ժամանակացույցի նոր տարբերակը: