«Ազգ», 24 հուլիսի, 1993թ., 140(391), շաբաթ
Մարտակերտի ուղղությամբ ծանր մարտեր
Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Լեռնային Ղարաբաղի արևելյան և հյուսիսային ռազմաճակատներում շարունակվում էր մնալ ծայրաստիճան լարված: Դեռևս հուլիսի 22-ի երեկոյան, զարգացնելով հակագրոհը, հայկական ուժերն ընդհուպ մոտեցել էին Աղդամ շրջկենտրոնի մատույցներին, որտեղ կատաղի մարտերը շարունակվում էին նաև գիշերը և երեկ օրվա ընթացքում: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը՝ վկայակոչելով ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից ստացված տեղեկությունները: Եկուստեք կան զգալի կորուստներ, որոնց թիվը ճշտվում է:
Երեկ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումները Աղդամ քաղաքի հյուսիսային և արևմտյան մատույցներում շրջապատման մեջ են առել ադրբեջանական մի խոշոր ստորաբաժանում և ներկայումս միջոցառումներ են ձեռնարկում այն լիովին ոչնչացնելու համար: Ադրբեջանական ուժերը զենքի տարբեր տեսակներից հրետակոծել են Ասկերանի շրջանի սահմանամերձ բնակավայրերն ու հայկական պաշտպանական դիրքերը: Միաժամանակ, Ստեփանակերտի վրա արձակվել է մի քանի C-200 «երկիր-օդ» տիպի հրթիռ: Ադրբեջանական մի քանի ռազմական ինքնաթիռ փորձել են ռմբակոծել Ղարաբաղի մայրաքաղաքը, սակայն ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են թշնամու այդ քայլը:
Երեկ առավոտյան ադրբեջանական ուժերը լայնածավալ գրոհ են սկսել Ղարաբաղի հյուսիսում՝ Մարտակերտ շրջկենտրոնի և շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ: Երեկ ժամը 17-ի դրությամբ ծանր մարտերը ռազմաճակատի այս հատվածում շարունակվում էին: Նույնպիսի գրոհ է ձեռնարկվել նաև Հադրութի շրջանի Էդիլլու գյուղի ուղղությամբ: Այստեղ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումներին հաջողվել է լիովին կասեցնել թշնամու գրոհը և հակառակորդին ետ շպրտել նախնական դիրքերը: Երկուստեք կան կորուստներ, որոնց թիվը ճշտվում է:
Միաժամանակ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանության ուժերի հրամանատար Նորիկ Դանիելյանը հայտարարել է, թե չնայած ադրբեջանական բանակը 7.5 հազար զինվոր է տեղափոխել Մարտակերտի ճակատ, այնուամենայնիվ, չի կարողացել պաշտպանել նվաճված տարածքները: Ինչ վերաբերում է ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերին, ապա, նրա խոսքերով, ԼՂՀ օդային սահմանը խախտած ադրբեջանական յուրաքանչյուր երրորդ ինքնաթիռ չի վերադառնում:
Կասետային ռումբեր Կապանի վրա
Երեկ, ժամը 14:30-ին ադրբեջանական ռազմական մի ինքնաթիռ 3 կասետային ռումբ է նետել Կապանի վրա: Այս մասին հաղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Քաղաքում կան զգալի ավերածություններ: Ինչպես Սնարք գործակալությանը հայտնի է դարձել Կապանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ռադիկ Սարուխանյանից, ռումբերն ընկել են ավտոգործարանի ու պղնձամոլիբդենային կոմբինատի մերձակայքում: Զոհվել են երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 15-ը: կան ավերածություններ: Վիրավորներից չորսի վիճակը ծանր է: Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է, թե «այդ բարբարոսական գործողության և նրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»:
Քարաշեն գյուղը թշնամու թիրախ
Երեկ վաղ առավոտյան Ղուբաթլիի շրջանի Սաֆյան և Գյուլեբիրդ ռազմական հենակետերից հրետակոծվել են Գորիսի շրջանի Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ և Քարաշեն գյուղերը: Այդ մասին Գորիսից հաղորդում է մեր թղթակից Հասմիկ Բաբաջանյանը: Քարաշեն գյուղում վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ: Կան զգալի ավերածություններ: Ավերածություններ կան նաև մյուս գյուղերում: 5-6 ժամ տևած հրետակոծությունը դադարել է միայն պատասխան համարժեք գործողություններից հետո: Երեկ ժամը 11-ի դրությամբ ընդհատումներով հրետակոծվում էին միայն Կոռնիձորի պաշտպանական դիրքերը:
«Ազգ»