November 27, 2024

ԼՂՀ-Ադրբեջան հանդիպումը կայացավ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 30 հուլիսի, 1993թ., 150(754), ուրբաթ

Հուլիսի 28-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների ղեկավարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որին ԼՂՀ-ի կողմից մասնակցում էին արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ազգային անվտանգության պետվարչության նախագահ Կամո Աբրահամյանը և ռազմագերիների ու պատանդների գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Աղասարյանը, Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը, պետնախարար Ի. Ալիևը, ԱԳՆ պատասխանատու աշխատակից Թ. Զուլֆուգարովը, ռազմագերիների և պատանդների գործերի հանձնաժողովի փոխնախագահ Ի. Քյազիմովը:

Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից, հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարը ևս հինգ օրով երկարաձգելու հարցը և երկու հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունները: Քննության է առնվել նաև ռազմագերիների և պատանդների հիմնախնդրին առնչվող հարցերի շարքը: Ղարաբաղյան կողմը առաջարկել է համաձայնագրի երկու նախագիծ, որոնք վերաբերում են երկար ժամանակով կրակը դադարեցնելուն և ամենամոտ ժամանակում երկու հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումներին: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ դրանք կներկայացվեն իրենց հանրապետության քննարկմանը, որից հետո կտրվի պատասխան:

Կողմերը այն կարծիքն են արտահայտել, որ անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, նշել են երկու երկրների ղեկավարների պարբերական հանդիպումների կարևորությունը: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերի լայն շրջանակի առնչությամբ պարբերական շփումների վերաբերյալ:

Որպես բարի կամքի դրսևորում, հանդիպումից անմիջապես հետո ղարաբաղյան կողմը ադրբեջանցիներին է վերադարձրել մի ռազմագերու: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել առանց սկզբնապայմանների երկու կողմերի բոլոր գերիների փոխանակման վերաբերյալ: Հանդիպումն անցել է վստահության ու կոնստրուկտիվ մթնոլորտում:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives