«Հայաստանի Հանրապետություն», 22 հուլիսի, 1993թ., 144(748), հինգշաբթի
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վ. Փափազյանը, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, մամուլի ասուլիս անցկացրեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Նա մասնավորապես հայտարարեց. «Ղարաբաղյան հակամարտության խնդրում Հայաստանի դիրքորոշումը հստակ է ու հետևողական հենց նրա սկզբից. դա հակամարտություն է ինքնորոշման ձգտող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի կառավարության միջև, որը հրաժարվում է ճանաչել այդ օրինական իրավունքը: Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի նկատմամբ և ոչ էլ Լեռնային Ղարաբաղում կամ Ադրբեջանի որևէ այլ տարածքում կա կռվող բանակ: Սակայն չի կարելի ժխտել, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ցույց տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ինչպես նաև այն, որ նա չի կարող ընդունել խնդրի ռազմական լուծումը, որը սոսկ կնշանակի հայ բնակչության նվաստացում և տեղահանություն:
Հայաստանի կառավարությունը լիովին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 822 բանաձևը, ինչպես նաև եվրախորհրդակցության «9+1» նախաձեռնությունը համարում է տարաշածրջանում պատերազմին վերջ տալու և խաղաղություն հաստատելու լուրջ հնարավորություն: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը համաձայնել են այդ նախաձեռնության պայմաններին:
Հայաստանի կառավարությունը համոզված է, որ առանց որևէ պայմանի հրադադարը և հետագա բանակցությունները տարաշածրջանում կայուն խաղաղության հասնելու միակ ուղին են»: