«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու նպատակով Հռոմում սկսված բանակցություններն անհաջող ընթացք ստացան. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվեցին վիճելի տարածքում եւ նրա շուրջ։
11 երկրների դիվանագետները շարունակում էին Իտալիայի նախաձեռնած հաշտարար առաքելությունը՝ նպատակ հետապնդելով հունիսի 23-ին Մինսկում ընդլայնված խաղաղ խորհրդաժողով հրավիրել։ Սակայն բանակցությունների չնչին արդյունքները ռազմի դաշտում ջնջվեցին. Ադրբեջանի փետրավորվող բանակը սկսեց զավթել կորցրած տարածքները։
Բանակցությունների առաջին փուլից հետո, որն ավարտվեց հունիսի 5-ին, Իտալիային հաջողվեց Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին համոզել մասնակցելու հաջորդ փուլերին՝ Ադրբեջանի հետ նույն սեղանի շուրջ նստելով։ Բայց երբ Ադրբեջանի ուժերը նոր հարձակում սկսեցին` օգտագործելով հարյուրավոր տանկեր, ուղղաթիռներ եւ գրոհային ինքնաթիռներ, Ղարաբաղի հայկական ղեկավարությանը հայտարարեց, որ չի կարող մեկնել հայրենիքից:
Հունիսի 5-ին իտալացի միջնորդներն հայտնեցին, որ շուտով հնարավոր կլինի միջազգային դիտորդներ տեղադրել երկու երկրների միջև ընկած տարածքում: Բայց դա ընդհարման նոր սաստկացումից առաջ էր:
Ըստ տարածաշրջանից ստացված տվյալների`ադրբեջանական զինված ուժերը չորսօրյա հարձակում են գործել հայաբնակ տարածքի վրա, ուր վերջին 5 տարվա ընթացքում 2000 մարդ է զոհվել:
Հայկական կողմը Ադրբեջանին մեղադրեց ռուս վարձկաններ (նախկին խորհրդային զորամիավորումներից) օգտագործելու մեջ. վերջիններս անհրաժեշտ էին հետ մղելու հունիսի 12-ին սկսված հակահարձակումը:
Ադրբեջանը միշտ էլ կասկածանքով է վերաբերվում Մինսկի ենթադրյալ խաղաղ խորհրդաժողովին` ակնհայտորեն վախենալով, որ այն միջազգային կնիքով կվավերացնի հայերի ռազմական նվաճումները: Ադրբեջանի վերջին հարձակումը ակնհայտորեն նպատակ ունի ուժի դիրքից հանդես գալու պայմաններ ստեղծել, եթե Մինսկի խորհրդաժողովն իրոք հրավիրվի:
Հռոմի բանակցություններում նախագահող Մարիո Ռաֆայելին դատապարտեց տարածաշրջանի իրավիճակն ուժի միջոցով փոխելու բոլոր փորձերը: Բայց նա խուսափեց պարսավել կողմերից որևէ մեկին: «Այս ճանապարհով ձեռք բերված ոչ մի փոփոխություն ընդունելի ու երկարատև լուծման չի բերի»,- նշեց նա հունիսի 14-ին: Ռուսաստանի չհաջողվեց պայքարը դադարեցնելու իր բազմաթիվ փորձերում հաջողության հասնել, ուստի նա Հռոմի բանակցությունների նախօրեին երկու կողմերին դիմեց լայնամասշտաբ պատերազմը կանխելու կոչով:
«Ռոյթր», 15 հունիսի