November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով Գերագույն խորհուրդը դիմում է ՄԱԿ-ին

Արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով Գերագույն խորհուրդը դիմում է ՄԱԿ-ին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 18 փետրվարի, 1992թ.

Այսօր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, շարունակելով իր աշխատանքը, քննության առավ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալների ընտրության հարցը, անդրադարձավ հանձնաժողովները համալրելու հարցին, ինչպես նաեւ ընդունեց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին ուղղված մի դիմում` Արցախի կացության առնչությամբ։

Նիստի սկզբին հատուկ ծրագրերի վարչության նախագահ Վահան Շիրխանյանը պատգամավորներին տեղեկացրեց վերջին մի քանի օրերին Արցախում տեղի ունեցած դեպքերին, մանրամասնորեն կանգ առնելով Ստեփանակերտի ռմբակոծության հետեւանքով հայերի կրած վնասների վրա։ Այնուհետեւ պատգամավոր Սամսոն Ղազարյանի առաջարկությամբ օրակարգ մտավ Գերագույն խորհրդի օրենքում եւ կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Քննարկելով պատգամավորների իրավասությունները, Գերագույն խորհուրդը որոշեց կատարել համապատասխան փոփոխություն, որի համաձայն պատգամավորներն այնուհետեւ իրավունք կունենան հարցապնդումներով դիմելու հանրապետության ցանկացած պաշտոնատար անձի։

Գերագույն խորհուրդը քննարկեց Պարույր Հայրիկյանի առաջարկը՝ փետրվարի 18-ը ազգային տոն հռչակելու վերաբերյալ։ Պրն Հայրիկյանը նշեց, որ 1921 թ. այդ օրը հայ ժողովուրդը ապստամբեց բոշեւիկյան տիրապետության դեմ եւ վերականգնեց Հայաստանի անկախությունը։ Գերագույն խորհուրդը քվեարկությամբ մերժեց այն որպես հրատապ հարց օրակարգ մտցնել։

Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձավ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալների ընտրության հարցին։ Բաբկեն Արարքցյանի առաջարկը՝ իրեն իրավունք տալ մեկից ավելի թեկնածուներ ներկայացնել, չընդունվեց պատգամավորների կողմից։ Մեծամասնություն չստացավ նաեւ Հ.Յ.Դաշնակցության խորհրդարանական ֆրակցիայի առաջարկը, որպեսզի նախագահի տեղակալներ առաջադրելու իրավունքը տրվի Գերագույն խորհրդին։

Ապա Բաբկեն Արարքցյանը Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի թեկնածու առաջադրեց ՀՀՇ վարչության անդամ, Շենգավիթի շրջխորհրդի նախագահ Կարապետ Ռուբինյանին, իսկ տեղակալի թեկնածու՝ «Համաձայնություն» պատգամավորական խմբի նախագահ Արտաշես Թումանյանին։ Փակ քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ քվեներ չապահովեց։

Այնուհետեւ Գերագույն խորհուրդը քննարկեց մի շարք պատգամավորների դիմումները մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու եւ մի հանձնաժողովից մյուսը տեղափոխվելու վերաբերյալ։ Մոտ 8 պագամավորներ ընդգրկվեցին անկախ պետականության, իրավական եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների կազմում։

Նիստի վերջում Արցախի հանձնաժողովի նախագահ Սեյրան Բաղդասարյանն ընթերցեց Արցախի հարցի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ ԳԽ–ի դիմումը, որն ընդունվեց պատգամավորների մեծամասնությամբ։ Դիմումի մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրվում այն բանի վրա, որ Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառում է միջազգային օրենքներով արգելված զանգվածային ոչնչացման ԲՄ-21 «Գրադ» տիպի հրթիռակոծող սարքավորումներ եւ «Ուրագան» հրթիռներ:

Դիմումով Գերագույն խորհուրդը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից քննության առնել Արցախի հարցը, հայության ցեղասպանությունը կանխելու նպատակով։

Ավելի ուշ պատգամավորները, հանդես գալով հայտարարություններով, մի քանի հարցպնդումներ ուղղեցին հանրապետության նախագահին եւ կառավարության մի շարք անդամների, որոնց մեկ շաբաթում պիտի տրվեն պատասխաններ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives