November 27, 2024

Արցախի հարցը ԱՄՆ-ի կոնգրեսում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հաղորդում են, որ փետրվարի 6-ին Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Քոքսը եւ Զորի Բալայանը ԱՄՆ-ի կոնգրեսի Եվրոպայի Համագործակցության եւ Անվտանգության հանձնաժողովի առջեւ իրենց վկայություններն են տվել Լեռնային Ղարաբաղի կացության վերաբերյալ:

Վկայություն է տվել նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի եւ Մութալիբովի ներկայացուցիչ Օլեգ Նարիմանբեկովը։ Բարոնուհի Քոքսը եւ Զորի Բալայանը հանձնաժողովին ներկայացրել են ԼՂՀ-ի ծանր վիճակը, բնակչության անտանելի պայմանները եւ նոր ցեղասպանության սպառնալիքները։ Նրանք շեշտը դրել են միջազգային միջամտության անհրաժեշտության վրա։ Իր հերթին Նարիմանբեկովը հայտնել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի հողամասն է, որի բնակչությունը փորձ է անում արհեստական բաժանումներ կատարել Անդրկովկասի հանրապետությունների միջեւ: Նա մերժել է նաեւ միջազգային ուժեր մտցնելու գաղափարը, ասելով, որ Ադրբեջանն իր ներքին միջոցներով կարող է հարցը լուծել:

Հանձնաժողովի նախագահ Սթենի Հոյերը եւ փոխնախագահ Դենիս Դեքոնսինը Նարիմանբեկովին ասել են, որ իրենք խաղաղության վերահաստատման եւ պահպանման համար համաձայն են շրջանը միջազգային անկողմնակալ մի ուժ ուղարկելու տեսակետին։ Նրանք խնդրել են այդ գաղափարը փոխանցել նախագահ Մութալիբովին։ Ավելին` ներկայացուցիչ Հոյերն ադրբեջանցի պատվիրակին հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ավելորդ որեւէ բռնի միջոցառում ԱՄՆ-ին կստիպի այդ քայլին դեմ կանգնել։

Փետրվարի 10-ին Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների նախագահ Քլեյբորն Փելը Հայաստան կատարած իր այցելության մասին զեկուցագիր է պատրաստել, որտեղ հանձնարարում է, թե «ԱՄՆ–ը պետք է զորավիգ լինի Հայաստանի այն ճիգերին, որոնք միտվում են Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակումը ՄԱԿ–ում ներկայացնելու համար»։

Զեկուցագրում Փելն անում է երկու հանձնարարություն եւս։ Առաջին. Ադրբեջանից գաղթած հայերը պետք է ազատվեն «տեղահանված բնակչություն» որակումից եւ դասվեն իբրեւ միջազգային գաղթականներ։ Այս ուղղությամբ ԱՄՆ-ը պետք է թիկունք կանգնի Հայաստանի կառավարությանը, որպեսզի միջազգային գաղթականների կազմակերպությունները օգնություն հասցնեն այդ բնակչությանը։ Երկրորդ. նկատի ունենալով, որ արդեն խորհրդային կառավարության հսկողության տակ չէ 1988 թվականի երկրաշարժին զոհ գնացած աղետյալ շրջանը՝ ԱՄՆ–ը պետք է իր աջակցությունը բերի Հայաստանի կառավարությանը՝ ուղղակի օժանդակելու վերաբերյալ։

Վերջապես, փետրվարի 11-ին ներկայացուցիչ Թոմ Քեմբլը մի նախագիծ է ներկայացրել կոնգրեսին՝ ԱՄՆ-ի նախագահից պահանջելով, որ վերջինս քաջալերի ՄԱԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղ անմիջականորեն խաղաղության պահպանման ուժեր մտցնելու նպատակով։ Ներկայացված նախագիծը շեշտում է նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի հետ դիվանագիտական ապագա հարաբերությունների հաստատումը եւ այդ երկրին տրվելիք օժանդակությունը պիտի պայմանավորվի «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հարգումով եւ ԼՂՀ-ի ու Հայաստանի դեմ առճակատման քաղաքականության կասեցմամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives