«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.
«Ադրբեջանական իշխանություններին ղարաբաղյան ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշտության մեջ համոզելու համար, մենք ստիպված ենք թշնամական զինյալ ուժերի դեմ ուժ կիրառել»,– ասել է ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լ. Մելիք-Շահնազարյանը` հանրապետության եւ օտար լրագրողների համար կազմակերպված մամլո ասուլիսում։
Անդրադառնալով Մալիբեյլի եւ Ղուշչուլար գյուղերի մոտակայքում տեղի ունեցած ռազմական գործողություններին` նա ընդգծել է լրատվական միջոցների մեծ դերը այդ իրադարձությունները ճիշտ կերպով մեկնաբանելու հարցում: Հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ այդ գյուղերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կրակակետերի վնասազերծումը ստիպողական քայլ էր հանրապետության մայրաքաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Լ. Մելիք-Շահնազարյանը հայտարարել է նաեւ, որ գրավված գյուղերում քաղաքացիական բնակչություն բացարձակապես չի եղել: Այնտեղից հայկական ինքնապաշտպանության ուժերն առգրավել են մի ծանր հրանոթ, մի հրթիռ արձակող սարքավորում եւ 50 հազար փամփուշտ։