November 27, 2024

Ադրբեջանը ցնցվում է ներսուդրսից

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Երկիր, 9 հունիսի, 1993թ., չորեքշաբթի

Աշխարհի լրատվական գործակալությունները շտապում են առաջինը հաղորդել եկամտաբեր լուրը. ադրբեջանական Գյանջա քաղաքում ծայր է առել խռովություն, որը սպառնում է վերածվել Էլչիբեյի ռեժիմը տապալելու ձգտող հեղափոխության: Առաջին արդյունքները վկայում են, որ Ադրբեջանի քաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին: Բաքվից Գյանջա ժամանած պատժիչ զորքերը ոչ միայն չեն կարողացել ճնշել Սուրաթ Հուսեյնովի (Ադրբեջանի ազգային բանակի 2-րդ կորպուսի նախկին հրամանատար) ջոկատների դիմադրությունը, այլև խայտառակ պարտություն են կրել: Ըստ վերջին տվյալների, Հուսեյնովի կողմնակիցների թիվը արագորեն աճում է: Համապատասխանաբար նվազում է Էլչիբեյին պաշտպանողների քանակը: Առաջինի կողմն են անցել Գյանջայի, Եվլախի, Շամախու, Լենքորանի, Գյոքչայի բնակիչները, մեծ հավանականություն կա, որ նրան կպաշտպանեն նաև Բաքուն և Սումգայիթը: Հուսեյնովի կողմից պատանդ վերցված Ադրբեջանի գերագույն դատախազ Շիրինովը թույլատրել է ձերբակալել նախագահ Էլչիբեյին, նրան մեղադրում են միանգամից չորս հոդվածով (հանցագործության մեղսակից, երկու և ավելի մարդու կանխամտածված սպանություն, իշխանության չարաշահում, կանխամտածված ծանր մարմնական վնասվածք): Սակայն Էլչիբեյի հրամանագրով Շիրինովը նախորդ օրը ազատված էր պաշտոնից: Վերջինս միակը չէ, պաշտոնաթող է արվել նաև օրերս վարչապետ նշանակված Փանահ Հուսեյնովը, և, ամենայն հավանականությամբ, ուսադիրների հրաժեշտ կտա պաշտպանության նախարար Դադաշ Ռզաևը:

Մինչ Բաքվում վարչական ջղաձգումները շարունակվում են, Սուրաթ Հուսեյնովի հեղինակությունը շարունակում է աճել, իսկ Ադրբեջանի ներքին իրավիճակը սպառնում է կրկնել ոչ վաղ անցյալի վրացական սցենարը: Ամիսներ առաջ, երբ Հուսեյնովին հեռացրին կորպուսի հրամանատարությունից և մեղադրեցին Ղարաբաղում մարդկային ուժի մեծ կորուստների համար, լուրը այնքան էլ մեծ ուշադրություն չգրավեց (ի դեպ, նույն մեղադրանքով հեռացրին պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին, որն այսօր Հուսեյնովի զինակիցն է): Դեռ այն ժամանակ Սուրաթը չէր թաքցնում, որ մտադիր չէ ենթարկվել նախագահ Էլչիբեյին: Նետված սերմը պարարտ հող չգտավ: Մի կողմ թողնենք անհայրենիք թուրքի մասին խոսակցությունները, չնայած շատ հարմար առիթ է: Ուշադիր նայենք քարտեզին և հիշենք բազմիցս արտահայտված, բայց մշտադալար միտքը. աշխարհի ուժեղները Այսրկովկասում ազդեցության ոլորտներն են ճշտում: Ադրբեջանում կատարվողը դրա բաղկացուցիչ մասն է: Եթե ԱՄՆ-ը և Թուրքիան ձգտում են թուրքական շերտի ստեղծմանը, դրանով իսկ Ռուսաստանին հարավից սահմանափակելուն, Ռուսաստանը ձգտում է իր ազդեցությունը դեպի հարավ տարածել, անկախ ներքին ու արտաքին դժվարություններից: Այս առումով հատկանշական է, որ Գյանջայի դեպքերը խիստ նմանվում են Վրաստանի դեպքերին, երբ գահընկեց արվեց Գամսախուրդիան, և Վրաստանում հաստատվեց կայուն անկայունություն: Բայց վրացիները աշխատում էին ռուսական ազդեցությունից ազատվել հիմնականում ինքնուրույնաբար, ինչն այնքան էլ վտանգավոր չէ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի և պանթուրքիզմի նման ուղեցույց աստղ ունի, ինչը ոչ միայն վտանգավոր է, այլև մահացու նույնիսկ Ռուսաստանի նման հսկայի համար: Բնական էր սպասել դեպքերի նման շրջադարձ: Ամենայն հավանականությամբ Բաքվում նույնպես տեղի կունենա իշխանության փոփոխություն (հավանական է, նույնիսկ այսօր, երբ տեղի է ունենում մեջլիսի արտահերթ նիստը): Եթե դա էլ Ադրբեջանին չհամոզի, որ Ռուսաստանի հետ ընկերություն անելը շատ ավելի լավ է, քան Թուրքիայի, թերևս կհետևեն հաջորդ քայլերը: Ամենևին պատահական չէր, որ Գյանջայի դեպքերին առաջինը արձագանքեց նրանից աշխարհագրորեն և էթնիկապես կտրված Լենքորանը՝ թալիշների տարածքը: Իսկ լեզգիական խաղաքարտը վաղուց է շրջանառության մեջ, այն արդեն գրեթե պատրաստ է լրիվ ուժով ասպարեզ նետվելու համար:

Անհեթեթություն կլինի կարծել, թե Սուրաթ Հուսեյնովը 200 զինվորներով կարողացավ ողջ Ադրբեջանին իր կամքը պարտադրել: Ակնհայտ է նրա թիկունքում գործող ձեռքը: Ըստ էության, սա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին արվող վերջին զգուշացումն է, յուրատեսակ վերջնագիր, և եթե շարունակվի արյան ձայնին ականջալուր համառությունը, Ադրբեջան պետությունը քարտեզի երեսից կանհետանա նույն թեթևությամբ, ինչպես ստեղծվեց դարասկզբին:

Ոսկան Մամիկոնյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives