«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը հաջողությամբ ետ են մղել Ադրբեջանի զինյալ ուժերի գրոհը Ստեփանակերտի վրա։ Երեկ գիշեր ադրբեջանցիները չորս կողմից` Շուշիից, Ջանհասանից, Մալիբեյլիից եւ Խոջալուից սաստիկ հրթիռակոծել են Ստեփանակերտը:
Նրանք Մալիբեյլիի տարածքից շարժվել են դեպի մայրաքաղաք եւ փորձել են ներխուժել ծայրամասային շրջանները: Կատաղի կռիվներում ազատամարտիկները կարողացել են առանց կորուստների ետ մղել թշնամուն: Մայրաքաղաքը գրավելու անհաջող այս փորձի ընթացքում Ադրբեջանի զինյալ ուժերը մեծ կորուստներ են կրել:
ԼՂՀ ներքին գործերի վարչության տվյալներով մայրաքաղաքի բնակելի թաղամասերը հրետանակոծվել են զանազան տիպի հրթիռներով եւ արկերով: Հրետանակոծության հետեւանքով լուրջ վնասվել են մի քանի շինություններ: Վիրավորվել են յոթ քաղաքացիներ: