November 27, 2024

Հռոմ. 3+1-ի փոխարեն Մինսկի խումբ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Ազգ», 8 հունիսի, 1993թ.

Երեկ մեր ձեռքն ընկավ Հռոմում անցկացված Մինսկի խմբի հանդիպման պատրաստած նոր փաստաթուղթը, որն իր մեջ ներառում է Մարիո Ռաֆայելիի նամակը և Անվտանգության խորհրդի 822 բանաձևի իրականացման հրատապ քայլերի գրաֆիկը: Փաստաթուղթը մեկնաբանելու խնդրանքով մեր թղթակից Հակով Ասատրյանը դիմեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:

— Նոր նախաձեռնությունը պաշտոնապես դեռ չենք ստացել, բայց այնպես է թվում, որ կարևոր նորություններ կան: Նախ, այն տրվում է որպես Մինսկի խմբի նախագահի նախաձեռնություն և Մարիո Ռաֆայելին հանդես է գալիս Մինկսի խմբի անդամ երկրների խնդրանքով: Երկրորդն այն է, որ նախաձեռնությունը ձեռնարկվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822-րդ բանաձևի իրագործում: Կարևոր է նաև, որ եթե 60-օրյա զինադադարն ավարտվի, ապա մեխանիկորեն կսկսվի ևս 60-օրյա զինադադար: Դա արդեն կդառնա մշտական: Հետո, եթե Ժնևի բանակցությունները հասնեն դրական ավարտի, Հռոմում ստանան պաշտոնական բնույթ, դրանից մեկ շաբաթ առաջ կդրվի շրջափակումների վերացման հարցը:

Կարևոր է նաև, որ պահանջ է դրվում այդ ընթացքում դադարեցնել թշնամական գործողություններն ու «թշնամական ակտերը»: Բացի այդ, նամակում նշված է, որ այն նույն իրավական արժեքն ունի, ինչ որ գրաֆիկը: Բոլորը պետք է բացեն մարդասիրական ճանապարհներ, այն պայմանով, որ դա ընդունվի մյուսների կողմից: Այնուհետև, Մինսկի խմբի բոլոր անդամներն արդեն կարող են մասնակցել Ժնևի խորհրդակցություններին: Եվ ստուգող առաքելությունը (15-20 հոգի) և դիտորդները (մոտ 50 հոգի) կժամանեն որպես ԵԱՀԽ ներկայացուցիչներ: Հստակեցված է, որ 15-20 հոգանոց խումբը, որի մեջ կլինեն նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, իրավունք կունենա վերահսկել ոչ միայն Քելբաջարից զորքերի դուրսբերումը, այլև, ինչպես նշվում է գրաֆիկում, այլև ադրբեջանցիների «զսպվածության գոտին»: Այսինքն, ստուգող առաքելությունը նույնպես պետք է վերահսկի, որպեսզի նոր ուժեր չմտցվեն Քելբաջար, բացի «թեթև զինված սահմանափակ քանակությամբ անվտանգության անձնակազմից»: Սա փաստորեն այն փաստաթուղթն է, որը պետք է ընդունվի:

— Բայց այս փաստաթղթում կրկին Քելբաջարից զորքերի դուրսբերումը դրվում է որպես նախապայման, իսկ հետո միայն սկսվում զինադադարը:

— Ոչ, նույնիսկ առաջին տարբերակի մեջ ըստ գրավոր աշխատանքի նախ զինադադար է, հետո դուրսբերում: Հունիսի 15-ին սկսելը նշանակում է մեկ հոգի կարող է դուրս գալ Քելբաջարից և հետքաշումը արդեն կարող է համարվել սկսված: Հետո կողմերը պետք է պատասխան տան խախտումների համար: Եթե օրինակ ադրբեջանցի մի զինվոր խախտի, ԵԱՀԽ-ն պետք է զեկուցի բոլոր երկրներին և Ադրբեջանը պետք է պատժի: Դիտորդների տեղաբաշխման շուրջ դեռևս բանակցություններ կտարվեն, թե որտեղ կտեղակայվեն: Հապոնենը մի նախնական ծրագիր է տվել, թե որտեղ պետք է տեղավորվեն: Նրանց մեծ մասը պետք է շրջագայեն:  Նրանք կլինեն և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում, և Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև:

— Ինչքանո՞վ է համապատասխանում այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին:

— Ես կարծում եմ, որ հիմա ոչ մի առարկություն չի մնացել: Այն չափով, որ կարելի էր որևէ երաշխիք տալ դիտորդների գալուն, փաստաթղթին իրավական ձև տալուն և ՄԱԿ-ի բանաձևին համապատասխանեցնելուն: Եվ հետո, եթե կողմերը չընդունեն զինադադարը, ապա դիտորդների գալն ու տեղավորումը ոչ մի օգուտ չի տա: Ես կարծում եմ, որ այժմ շրջանի բոլոր երկրները, Ռուսաստանն ու Ամերիկան նույնպես շահագրգռված են խաղաղություն հաստատելու մեջ:

— Հայաստանը ե՞րբ է տալու իր համաձայնությունը:

— Մենք հույս ունենք, որ ամսի 8-ի կեսօրին կստանանք: Շատ մտածելու կարիք չունենք: Հուսով եմ, արագ կպատասխանենք:

— Ձեր կարծիքով, Ադրբեջանը կարո՞ղ է մերժել այս նախաձեռնությունը:

— Եթե նրանք մտադիր են պատերազմը շարունակել, կմերժեն: Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա զգալի ճնշման տակ է և դժվար թե չհամաձայնի: Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան ԵԱՀԽ-ում համաձայներ առանց Ադրբեջանի համաձայնության:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives