November 27, 2024

Հայ-ռուսական բանակցություններ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 10 հունիսի, 1993թ.

Հունիսի 9-ին կարճատև այցով Երևան ժամանեցին Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը և անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը: Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը, արտգործնախարարի տեղակալ Բորիս Պաստուխովը, անվտանգության փոխնախարար, Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար Վլադիմիր Շլյախտինը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը և պաշտոնական այլ անձինք:

Օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին ՀՀ արտգործ նախարար Վահան Փափազյանը, ազգային անվտանգության պետական վարչության պետ Էդուարդ Սիմոնյանցը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանը, ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, պաշտոնական այլ անձինք:

Ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, արտգործնախարար Վահան Փափազյանի, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի և արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի հանդիպումը Անդրեյ Կոզիրևի, Վիկտոր Բարաննիկովի և Վլադիմիր Կազիմիրովի հետ:

Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ա. Կոզիրևը, Վ. Բարաննիկովը և Վ. Կազիմիրովը հանդիպեցին և զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների՝ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հետ:

Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումից հետո, հանդես գալով լրագրողների առջև, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանն ասաց.

— Աշխատանքային այս այցը կապված էր ԵԱՀԽ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման առաջարկության հետ, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 822 որոշման և Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի նախաձեռնության վրա: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի քանի կոնկրետ հարցեր՝ կապված հիշյալ առաջարկության հետ: Հայտնի է, որ Հայաստանը երեկ տվեց իր դրական պատասխանը այդ նախաձեռնությանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև այլ հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի միջպետական համագործակցության հետ:

Պարոնայք Կոզիրևը, Բարաննիկովը և Կազիմիրովը զրուցեցին ԼՂՀ ներկայացուցիչներ Ռ. Քոչարյանի և Գ. Պետրոսյանի հետ: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ այս առաջարկությունը գնահատեցին որպես ռեալ հնարավորություն, որը կարող է հանգել դրական արդյունքի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը: Մենք տեղեկացանք, որ Ադրբեջանը նույնպես նախաձեռնությանը դրական պատասխան է տվել: Առայժմ չի պատասխանել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը մինչև հունիսի 11-ը ժամանակ ունի: Հանդիպման ավարտից հետո ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը և ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գերոգի Պետրոսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, դրանք կերևան մոտ օրերս:

ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը նշեց, որ հանդիպումն անցավ աշխատանքային գործնական մթնոլորտում, այն հնարավորություն տվեց մշակել ԵԱՀԽ Մինսկի խմբի նախաձեռնության առանձին փոքրիկ դետալներ, առանձնացրեց այն փոխըմբռնումը, որ կա երկու երկրների միջև:

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը իր գոհունակությունն հայտնեց հանդիպումից, նշելով, որ ներկայացված առաջարկությունները մանրամասնորեն ուսումնասիրվում են:

Սեփ. Լրատվություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives