Մշակ, 31 մայիսի 1918թ., թիվ 100
Բաքվից եկողները պատմում են, որ դրությունն այնտեղ քանի գնում վատթարանում է: Պարենի մթերքներ գրեթե չկան: Հացը մեծ դժվարությամբ է ճարվում, այն էլ սաստիկ թանկ, ֆունտը 7-8 ռ.: Փողոցներում միշտ կարելի է հանդիպել քաղցած մարդկանց: Լինում են սովամահության դեպքեր: Գործարանները համարյա կանգ են առել: Բանվորները կամ մտել են կարմիր գվարդիայի մեջ, կամ հետզհետե մեկնում են Ռուսաստան: Բաքվի հայ ընտանիքները մեկնում են Ռուսաստան, իսկ թուրք ընտանիքները Պարսկաստան:
Հայերի և թուրքերի միջև հարաբերություններն ընդհատվել են: Փոխադարձ վստահությունը միանգամայն վերացել է:
Բոլշևիկների դրությունը հաստատուն է: Թուրք սոցիալիստական տարրերը նրանց հետ միացած են գործում: Դր. Նարիմանով և Ազիզբեկով գործում են իբրև խորհուրդների իշխանության համակիրներ:
Հայ և թուրք մասսաները բոլշևիկներից ոչինչ լավ բան չեն սպասում: Անհայտ ապագայի երկյուղը ճնշում է նրանց: Օրը օրին սպասում են ահարկու դեպքերի: Գիշերներն անցնում են անհանգիստ, տագնապով լի: Մարդիկ իրենց զգում են դատապարտվածներ, որ այսօր կամ էգուց կրելու են իրենց պատիժը:
Շամախու և մյուս ավերված հայկական գյուղերի ազգաբնակչությունը կուտակվել է Բաքվում: Նրանց պատմելով, Շամախին ամբողջապես ավերված է: Մնացել են մի քանի շենքեր միայն և աննշան հյուղեր քաղաքի ծայրամասերում: Ներկայումս Շամախին անբնակ է: Նրա բնակիչները Բաքվում ապրում են ամենածանր, աներևակայելի ծանր օրեր: Քաղցից և հիվանդություններից մեռնում են տասնյակներով, մեծ մասամբ երեխաներ: Բաքվում Աստրախանի վրայով ստացվել է զինվորական օգնություն: Հյուսիսային Կովկասից նույնպես սպասվում են մեծ ուժեր: