Մշակ, 4 հուլիսի, 1918թ., թիվ 128
ԱՀԳ հատուկ թղթակիցը հուլիսի 1-ից հաղորդում է.
Գյոքչայի մոտ բոլշևիկները ետ մղեցին թուրքական զորքերին, որոնք նահանջեցին: Թուրքերի կողմից վիրավորվածների թիվը մոտ 100 է: Նրանց համար պահանջված է սանիտարական գնացք Գանձակից: Բոլշևիկների առաջխաղացումը Գյոքչայի կողմից առաջ բերեց մահմեդականների փախստականների հոսանք, գլխավորապես Ուջարի կայարանում: Մյուսուլի կայարանը առաջվա նման գտնվում է մահմեդականների ձեռքում: Մյուսուլի կայարանի մոտ մահմեդականները գերել են 2 բոլշևիկ օֆիցեր:
* * *
Թիֆլիսում ստացված տեղեկությունների համաձայն՝ Գանձակի անկումը օրերի խնդիր է: Գանձակի ազգաբնակությունը փախչում է: Սկսվել է սարսափ: Իշխանությունը բացառապես թուրք օֆիցերների ձեռքումն է: Գանձակում սանիտարական բոլոր ծառայողները ռուսներ են: Քաղաքում խոլերան զարգանում է. օրական թուրքական թաղում հիվանդանում են 30-40 մարդ: Պարսկաստանից եկած թուրք զորքերը գրավել են Սալիանը: Գանձակում տեղական բոլոր թուրքերը՝ 20-35 տարեկան՝ զենքի են կանչված: