November 27, 2024

Բաքվի գծի վրա

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Մշակ, 25 հունիսի, 1918թ., թիվ 120

Վրացի գեներալ Մաղալովը այս օրերս վերադարձավ Բաքվի գծից, ուր նա ղեկավարում էր թաթարների կռիվը բոլշևիկների դեմ: Նրա ասելով, օսմանցիները այդ գծի վրա ունեն բավականաչափ զորք, որի թիվը օրեցօր ավելանում է: Քյուրդամիրի մոտ ներկայումս գործում են բոլշևիկյան 6000 ուժեր: Նրանք ունեն երեք բատարեա, շատ զենք և, ըստ երևույթին, բավականաչափ պարեն: Բոլշևիկ ուժերի մեջ գերակշռում են կանոնավոր զորքեր, բայց քիչ չեն և կարմիր գվարդիականները: Զինվորները կռվում են հրաշալի կերպով, կարմիր գվարդիականները՝ թույլ: Բոլշևիկ զորքերի ճակատագրական սխալն այն է, որ նրանք ծանոթ չեն պատերազմ վարելու գիտության, և դա ողբալի հետևանք կունենա նրանց համար:

Եղած տեղեկությունների համաձայն, այժմ Բաքվում կա մոտ 18 բատալիոն լավ զինված զորք, որ ունի և հրետանի, և գնդացիրներ: Բաքվի զորքերի հրամանատարն է ոմնՂազարով: Զինվորները և կարմիր գվարդիականները ստանում են 25 ռ. օրական և ամեն ինչ պատրաստ: Բոլշևիկները ունեն զրահապատներ:

Քյուրդամիրից հետո կռիվն ավելի համառ է եղել Մյուսուսլի կայարանի մոտ: Նա շարունակվել է օր ու գիշեր: Կռիվն այդ շրջանում և Քյուրդամիրի ուղղությամբ կրում է կատաղի, լարված բնավորություն, փոփոխակի հաջողություններով: Այն հարցին, թե շուտո՞վ կվերցվի Բաքուն, Մաղալովը պատասխանել է.

— Ես անձամբ կարծում եմ, որ Բաքուն կվերցվի երկու շաբաթ հետո: Ինչքան էլ չլինի, օսմանյան զորքերը կտրելու են 200 վերստ ճանապարհ: Ինձ թվում է՝ Բաքվի բախտը վճռված է, որովհետև կենտրոնացել են բավականին մեծ թվով կանոնավոր ուժեր Բաքվի ուղղությամբ: Օսմանյան զորքերն այժմ, կարծեմ, հրամանատարում է Նազիմ բեյը:

Կմասնակցե՞, արդյոք, գերմանացիները Բաքվի արշավանքին Մաղալովը դժվարանում է ասել:

Նույնպես նա դժվարանում է ասել, թե օսմանցիները Բաքուն ում համար են ուզում վերցնել — իրե՞նց, թե Ադրբեջանի:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives