Մշակ, 19 հունիսի, 1918թ., թիվ 115
(Անդրկովկասի Հեռագրական Գործակալություն)
ԹԻՖԼԻՍ, 18 հունիսի.— Անդրկովկասի Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը Բաքվի ճանապարհից հայտնում է.
Հունիսի 14-ին Գանձակում շարունակվեց հայ ազգաբնակության զինաթափությունը քաղաքի երկու մասերում տեղավորված թուրք զորքերի ձեռքով: Հայերը, Նուրի փաշայի առաջարկությամբ, հանձնում էին զենքերը իրենց ազգային կոմիտեին կից գտնվող առանձին մասնաժողովին, որը իր հերթին զենքը հանձնում էր թուրքաց զորահրամանատարությանը: Հայ ազգային կոմիտեի մուտքի մոտ ծածանվում են թուրքական դրոշակները, որ բարձրացրեց ասկյարների առաջին խմբով հայկական քաղաքամասը մտած թուրք կապիտանը:
Փողոցներում երգում էին թուրք զինվոր-պահակները: Նուրի փաշայի թույլտվությամբ հրացանները թողնված են արտաքին պաշտպանությունը կրող հայկական միլիցիային միայն:
Այսօր հայկական փողոցներով անցնում էր առանձին սուրհանդակ, որ Նուրի փաշայի անունից հրավիրում էր հայերին անվախ երևալ քաղաքի թուրքական մասում: Հայերը խմբերով ասկյարների հսկողությամբ այցելում էին թուրքական բազարը և նույն հսկողության տակ վերադառնում էին իրենց թաղամասը: Հայերի տրամադրությունը ճնշված է, հուզալի ու ընկճված:
Հունիսի 15-ին Ա.Հ.Գ. թղթակցին հաջողվեց պարզել հայերին զինաթափ անելու հետևյալ մանրամասնությունները: Նուրի փաշայի կարգադրությամբ թուրք զորքերը արտիլերիայով հունիսի 11-ին շրջապատեցին Գանձակի հայկական մասը լեռնային կողմից: Գիշերով կատարված այս պաշարումը բոլորովին անսպասելի էր հայերի համար: Հայկական ինքնապաշտպանության պետի կարգադրությամբ հայկական առանձին բատալիոնը և բոլոր զինված զորախմբերը գրավեցին ռազմական դրություն: Նուրի փաշան ազգային կոմիտեին հանձնեց վերջնագիր՝ հանձնել մի ամբողջ օրվա ընթացքում բոլոր զենքը: Այդ ժամանակամիջոցը կոմիտեի խնդիրքով երկարվեց սկզբում մի քանի ժամով, իսկ հետո դարձյալ մի ամբողջ օրով: Գիշերը բոլոր հայ տներում անցավ հուզմունքով: Կողմերի միջև տեղի էր ունենում պարբերական հրացանաձգություն:
Խորհրդակցությունից հետո հայերը վճռեցին պատգամավորություն ուղարկել հատուկ նպատակով համոզվելու, թե արդյոք զինաթափ լինելու պահանջը իսկապե՞ս բխում է թուրքաց կառավարության զորքերի կողմից: Պատգամավորները համոզվեցին դրա մեջ և ժողովրդական միտինգում առաջարկեցին, հնազանդվելով ողբերգական անհրաժեշտությանը, կատարել թուրքաց զորահրամանատարի պահանջը:
Թուրքերի հետ կռվելու կողմնակից հայերը իրենց հրացաններով բարձրացան լեռները, մի քանի տեղ ճեղքելով թուրքական զորաշղթաները:
Հունիսի 13-ին սկսվեց զենքերի հանձնումը, որ թուրքերը ֆուրգոններով տանում էին քաղաքի թուրքական մասը:
Գանձակը լիքն է թուրք զինվորներով և օֆիցերներով, որոնք անտես են առնում մահմեդական զորաբանակը ռուս օֆիցերներին: Խանութներում և սրճարաններում թուրք օֆիցերները վճարում են Նիկոլաևյան 100 ռուբլիանոցներով կամ թղթի լիրաներով, հաշվելով ամեն մեկը 100ռ., որ համապատասխան է ռուսական ռուբլին 8 կոպեկի իջեցնելուն:
Հունիսի 12-ին հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած հրացանաձգության ժամանակ ողբերգական մահով զոհվեց գիմնազիայի վերատեսուչ Բոգոլեպովը, որ սպանվեց իր տան պատշգամբի վրա: Դեպի սպանվածը նետված նրա կինը վիրավորվեց մահացու կերպով և մի քանի ժամ հետո վախճանվեց: