November 27, 2024

Իշխանության կազմակերպումը Կովկասում

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 14 նոյեմբերի, 1917թ., թիվ 243

Թիֆլիսում, նոյեմբերի 11-ի առ. ժամը 11-ին Ժողովրդական տանը տեղի ունեցավ հասարակական ապահովության կոմիտեի և երկրային կենտրոնի հրավիրած ժողովը՝ խորհրդակցելու Կովկասում իշխանություն ստեղծելու մասին։ Ժողովին մասնակցում էին Անդրկովկասյան Հատուկ Կոմիտեի, հասարակական ապահովության կոմիտեի, զինվորական և երկրային կենտրոնների, կովկասյան զորքի երկրային խորհրդի բանվորական և զինվորական Թիֆլիսի գործադիր կոմիտեի, Թիֆլիսի քաղաքական դումայի, էս-էռների, էս-դեկների, Դաշնակցության, վրաց սոց.-ֆեդերալիստների, աշխատավորական սոցիալիստների, հայկական սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Բունդի», մուսուլմանական բոլոր կազմակերպությունների, Անդրկովկասյան երկաթուղիների կենտրոնական գործադիր մարմնի, փոստ-հեռագրական ծառայողների կենտրոնական կոմիտեի և արհեստակցական բյուրոյի բոլոր ներկայացուցիչները:

Հրավիրված էին նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները:

Ժողովը բաց է արել երկրային կոմիտեի նախագահ Ե. Պ. Գեգեչկորին:

Առաջին զեկուցումը տվել է կովկասյան ֆրոնտի կոմիսար Դոնսկոյ:

Ժողովում պարզվել է երկու որոշ հոսանք. Մենշևիկներն ու սոցիալ-հեղափոխականները հանձին իրենց շրջանային կոմիտեների ներկայացուցիչների պաշտպանել են իշխանություն ստեղծելու նախագիծը: Բոլշևիկները ընդհակառակը արտահայտվել են ընդդեմ տեղական իշխանություն ստեղծելու նախագծին, համարելով այդ հակահեղափոխական քայլ: Եվ հայտարարելով, որ այդ նիստին կարող են ներկա լինել միայն հակահեղափոխական տարրերը, հեռացել են նիստից:

Ապա, մտքերի փոխանակությունից հետո միաձայն ընդունվել է հետևյալ բանաձևը:

«Նկատի առնելով ամենքի համար ընդունելի կենտրոնական իշխանության բացակայությունը, և երկրում օրըստօրե աճող անարխիան, որը կարող է Կովկասում ևս տարածվել, և աչքի առաջ ունենալով մի ամբողջ շարք հասարակական, տնտեսական և ֆինանսական անհետաձգելի հարցեր, որոնց լուծումից է կախված մեր երկրի մերձավոր ճակատագիրը, խորհրդակցությունը որոշում է.

  1. Մինչև Հիմնադիր Ժողովի ընտրությունների վերջանալը Անդրկովկասում և կովկասյան ֆրոնտում հանձնել երկրի կառավարությունը հասարակական ապահովության կոմիտեին, որը բաղկացած է Անդրկովկասի բոլոր հեղափոխական դեմոկրատիայի կենտրոնական, հասարակական, պաշտոնական և ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
  2. Հիմնադիր ժողովի ընտրությունները երկրում և ֆրոնտում վերջացնելուց հետո, ժամանակավոր իշխանություն կազմելու, նրա կազմի բնավորության և լիազորության որոշումը հանձնել քաղաքացիական թե զինվորական ամբողջ ազգաբնակության ընտրյալներին հետևյալ պայմաններով.

Ա. Շրջանային տեղական քաղաքականություն վարել համառուսական դեմոկրատիայի հետ շաղկապ, համապետական խնդիրների ուղղություն տալն ու լուծելը:

Բ. Ավտոնոմ վճիռներ կայացնելը միայն տեղական ընթացիկ հարցերի վերաբերմամբ:

Գ. Երկիրը հասցնել մինչև կենտրոնական հեղափոխական հանրընդունելի դեմոկրատական իշխանության կազմվելուն կամ համառուսական լիազոր Հիմնադիր Ժողովը բացվելուն:

Գործունեության մեջ հենվել բանվորական, զինվորական և գյուղացիական երկրային ու տեղական խորհուրդների պատգամավորների ու տեղական ինքնավարությունների մարմինների վրա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives