Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257
Թուրքաց զորահրամանատարը դիմել է կովկասյան գլխավոր զորահրամանատար գեներալ Պրժևալսկիին հետևյալ նամակով.
«Ձերդ գերազանցություն, պարոն զորապատ,
Նոյեմբերի 22-ին ես պատիվ ունեցա ստանալ ձեր հեռագիրը, միաժամանակ դրա հետ՝ Բրեստ-Լիտովսկում հավաքվեցին պատգամախոսներ զորաբանակների գլխավոր հրամանատարների կողմից:
Մի կողմից կային Գերմանիայի, Ավստրո-Ունգարիայի, Թուրքիայի և Բոլգարիայի պատվիրակները, մյուս կողմից՝ ռուսական զորաբանակի գլխավոր հրամանատարի պատվիրակությունները:
Բրեստ-Լիտովսկում կայացած բանակցությունների ժամանակ դեկտեմբերի 5-ին (22 նոյեմբերի) նրանք եկան այնպիսի եզրակացության, որ հեշտացրեց բանակցությունները հաշտության մասին և հասցրեց նպատակին և զինադադարի մասին դաշնագրի կնքման: Ես ստացա տեղեկություն իմ գլխավոր զորահրամանատարությունից, թե այդ պայմանները ձեռնտու են: Ես պատրաստ եմ աջակցելու արդեն ձեռնտու պայմաններով առաջարկված առաջարկությանը: Ես իմ կողմից լայն լիազորություններով բանակցությունների համար նշանակում եմ թուրքական 3-րդ զորաբանակի ընդհանուր շտաբի պետ Միրալայ Յումեր-Լյուֆթի բեյին և բինբաշի Խոսրով բեյին: Խորհրդակցությունը նշանակել ձեզ մոտ կամ ինձ մոտ՝ թողնում եմ ձեր բարեհայեցողության: Եթե բավական հարմար համարեք Երզնկա-Րաֆա գծի մեջտեղը կամ մի այլ վայր, բարեհաճեցեք հայտնել սպայի միջոցով: Ամբողջ զորաճակատի վրա — զորագծի աջ թևից, որ գտնվում է Վանի ծովի հարավում, մինչև Սև ծովը — ես տվել եմ համապատասխան կարգադրություն:
Ռազմագծի վրա կանգնած բոլոր զորամասերը կհետևեն ընդունված որոշման:
Ռազմական գծի վրա կանգնած բոլոր զորամասերին ես արդեն հրաման եմ տվել, թե ներկա դրության և թե տեղում լինելիք գործողությունների մասին:
Մնում եմ ձեզ հարգող, պարոն գեներալ.
Հրամանատար կովկասյան զորաբանակների մի խմբի՝ Ֆերիկ Վեհիբ Մահմեդ բեյ»: