«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23.
— Զգույշ, զգույշ պետք է վարվել, եթե ոչ կկործանվի հայ ազգը,— ասում է մատը բարձրացնելով հայ վաճառականը և գնում է իր խանութը գործակատարներին հրամայելու, որ այսօր ևս ապրանքների գինը բարձրացնեն 25%:
— Զգույշ, եթե ուզում եք, որ չկորչենք,— կրկնում է փիլիսոփայորեն հայ արհեստավորը և մի զույգ կոշիկներ, որ իրեն արժեն 80ռ., վաճառում է 350 ռուբլով:
— Ազգային խորհուրդը լավ չէ տանում գործը,— բարբառում է հայ իրավաբանը և գնում է կլուբ մինչև լույս թուղթ խաղալու:
— Մարդիկ չունենք, հրապարակ են մտել թերուսներն ու պատանիները,— հեգնորեն ժպտում է հայ բժիշկը և նստելով գրասեղանի քով, գրում է նամակ Ազգային Խորհրդին, թե ինքը հիվանդ է, թե չէ կարող «դժբախտաբար» հայ զորքին ծառայել:
— Մենք պետք է լարենք մեր բոլոր ուժերը և գործենք բացառիկ եռանդով, այլապես կորած ենք,— ոչ միայն խոսում, այլև գրում է հայ ուսուցիչը լրագիրներում և ամեն միջոց գործ է դնում զինվորությունից ազատվելու:
— Զգուշություն, խոհեմություն, տակն է հարկավոր,— խորախորհուրդ դեմքով արտասանում է նախկին հաշվապահ, այժմ դրամատեր «քաղաքագետը», ամեն օր որոշ ժամերին զբոսնելով վաշխառու բարեկամների հետ բուլվարում:
Այս այն մարդն է, որ իր կյանքում մատը մատին չի զարկել ժողովրդի համար և կոպեկ չի նվիրել ազգին:
Եվ այսպես, ամենքը քարոզում են, ամենքը խրատում, ամենքը քննադատում, և յուրաքանչյուրն աշխատում է իր անձը ապահովել, իր գրպանը լցնել և ամուր փակել:
Այս պատկերն է ներկայացնում այժմ հայ հասարակությունը, գոնե Թիֆլիսում:
Թող մի անգամ առ միշտ Ազգային Խորհուրդը երես դարձնե այդ հասարակությունից: Թող արհամարհե և ծաղրի մատնե նրա խորհուրդներն էլ, նրա բողոքներն էլ, նրա քննադատությունն էլ: Եվ գործե այնպես, ինչպես իր խելքն ու զգացումներն են թելադրում: Թող մեր քաջերի սրբազան բանակը մոռանա այդ հասարակությունը և մի անգամ առ միշտ զգա, որ նրա համար չէ պատրաստվել իր կյանքը զոհելու: Ոչ: Այդ հասարակությունը բազմաչարչար, բայց ոչ թշվառ, ոչ, հազար անգամ ոչ, հայ ազգի խոցն է: Եվ որքան հայ ժողովուրդը շուտ պոկե իր առողջ մարմնից ու դեն շպրտե այդ խոցն, այնքան շուտ կբախտավորվի նա:
Բավական է, որքան նա թունավորեց հայի եռանդը, ուժը, լույսերը և հավատը դեպի իր ապագան:
Շիրվանզադե