November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Գործողությունները հիմնված են կամքի ու ապրելու ձգտման վրա»

«Գործողությունները հիմնված են կամքի ու ապրելու ձգտման վրա»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401)

Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի պետ Արմեն Դուլյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին ադրբեջանական բանակը կենտրոնացված խոշոր ուժերով, զրահատեխնիկայով եւ ավիացիայով լայնածավալ հարձակում էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ուղղությամբ՝ հարցականի տակ դնելով ԼՂՀ լինել-չլինելու խնդիրը, քանի որ ներկայիս խոշորածավալ պատերազմի պայմաններում Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղին փակելը կնշանակի կարճ ժամանակում Արցախի լիակատար հայաթափում։ Ելնելով դրանից՝ ԼՂՀ բանակը մարտի 31-ին հակահարձակման է անցել եւ Լաչինի ու Քելբաջարի շրջաններում շրջապատման մեջ առել ադրբեջանական բանակի մի մեծ խմբավորում։ Տասնյակ ադրբեջանական զինվորներ կամովին գերի են հանձնվել։ Առգրավված են մեծ քանակությամբ տեխնիկա, հրասայլեր, զրահամեքենաներ, մի քանի վագոն զինամթերք, ինչն արդեն խոսում է այդ շրջաններում ադրբեջանցիների կուտակած զինուժի մասին։

Ինչպես շեշտեց պրն Դուլյանը, թողնված է շրջապատումից դուրս գալու միջանցք՝ ադրբեջանական այն զորամիավորումների համար, որոնք կցանկանան նահանջել առանց մարտի։ Խոսքն, անշուշտ, վերաբերում է նաեւ խաղաղ բնակչությանը, որի էվակուացիան կատարվում է նաեւ ուղղաթիռներով։ Ընդ որում, պրն Դուլյանը նշեց, որ «խաղաղ բնակչություն» ասելով պետք է հասկանալ բանակն սպասարկող ծառայակազմը, քանի որ խաղաղ բնակչություն, իբրեւ այդպիսին, հիշյալ տարածքում վաղուց չկա։ Հակառակ ադրբեջանական աղբյուրների պնդումների, էվակուացիային ոչ մի խոչընդոտ չի հարուցվում, ոչ մի ուղղաթիռ ԼՂՀ հակաօդային ուժերի կողմից չի խփվել (չնայած այս պաշտպանությունն Արցախում հիմա այնպիսի մակարդակի վրա է, որ ցանկության դեպքում դա կարելի է իրագործել առանց որեւէ դժվարության), եւ եթե նման միջադեպ լինի, դրա հեղինակը կլինեն հենց ադրբեջանցիները՝ հայերին բնակչության դեմ ռազմական գործողության մեղադրանք ներկայացնելու միտումով։

Ա. Դուլյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի ոչ մի ներկայացուցիչ Ադրբեջանի տարածքում չկա, հայկական բանակն ընդհանրապես չի մասնակցում այս գործողություններին, որոնք իրականացնում են միմիայն ԼՂՀ զինված ուժերը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի քաղաքական արձագանք կարող է ունենալ պատերազմական գործողությունների նման ընթացքը, Ա. Դուլյանը ասաց.

– Ղարաբաղն արդեն որերորդ տարին գտնվում էր լիակատար շրջափակման մեջ։ Անցյալ տարվա հունվարից մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվում եւ հրթիռակոծվում էր Շուշիից, փաստորեն կատարվում էր ջարդ, սպանդ։ Ողջ աշխարհի աչքի առաջ ամեն օր զոհվում էին մարդիկ, հայեր, եւ ոչ մի երկիր այդ սպանդին չէր արձագանքում։ Երեւի Ղարաբաղի ժողովուրդը հասկացել է, որ այնքան էլ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ միջազգային հանրությունից։ Ամեն ինչ որոշում է ժողովրդի կամքն ու ապրելու նրա ձգտումը, եւ այս վերջին գործողությունները հիմնված են հենց դրանց վրա։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives