November 27, 2024

Հայ-ֆրանսիական պայմանագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)

որը կնքելու ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը հասցրել է նաեւ զրուցել Ա. Թյուրքեշի հետ

Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Արամ Աբրահամյանը լրագրողներին ծա­նոթացրեց նախագահի Ֆրանսիա այցի մանրամասներին եւ Փարի­զում ստորագրված հայ-ֆրանսիական համերաշխության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրին։ Պատմելով այցի մասին՝ Ա. Աբրահամյանը նշեց, որ Փարիզում պատվիրակությանն են միացել արտաքին գործերի փոխ­նախարար Ժիրայր Լիպարիտյանը, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայա­ցուցիչ Ալեքսանդր Արզումանյանը եւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ Այցի ավարտից հետո Ֆրանսիայում հա­վատարմատար նշանակված Վահան Տեր-Ղեւնոդյանը մնացել է կատարե­լու իր պարտականությունները։

Մարտի 12-ի առավոտյան Ֆրանսիայի վարչապետի նստա­վայր Մատինյոնում Լ. Տեր- Պետրոսյանը մեկժամանոց հանդի­պում է ունեցել Պիեռ Բերեգովուայի հետ, որի ընթացքում ներկա­յացրել է Հայաստանում ստեղծված իրավիճակն ու դրա պատճառները, նշել, որ մեզանում բարձր են գնա­հատում հանրապետությունն ապաշրջափակելուն ուղղված Ֆրան­սիայի դիվանագիտական ջանքերը, մարդասիրական օգնությունն ու ԵԱՀԽ-ի շրջանակներում ի նպաստ Հայաստանի գործունեությունը։ Բերեգովուան ասել է, որ նշված բոլոր ուղղություններով Ֆրան­սիան շարունակելու է իր ջանքերը, նշել է նաեւ, որ Ֆրանսիան ակտի­վորեն մասնակցում է Եվրահա­մայնքի աշխատանքներին, որոնց նպատակը ԽՍՀՄ նախկին հանրապետություններին տեխնիկական օգնություն ցուցաբերելն է։ Տնտե­սական համագործակցության ոլոր­տում կողմերը մեծ կարեւորություն են տվել ստորագրվելիք պայմա­նագրին։ Զրույցին մասնակից Վիգեն Չիտեչյանը առաջադրել է կոնկրետ հարցեր, որոնց վերաբեր­յալ Պ. Բերեգովուան անմիջապես արել է համապատասխան հանձ­նարարականներ։ Այնուհետեւ Էլիզե պալատում կայացել է հանդի­պում Ֆրանսուա Միտերանի հետ։ Պաշտոնական ճաշկերույթից հետո երկու նախագահները կարճատեւ առանձնազրույցում քննարկել են հիմնականում արդեն վարչապետի հետ արծարծված հարցերը, որից հետո ստորագրվել է հայ-ֆրան­սիական պայմանագիր։

Ֆրանսիան եւ Հայաստանը զարգացնում ու խորացնում են փոխադարձ շփում­ները նաեւ ռազմական ասպարեզում, ան­հապաղ խորհրդակցություններ անցկացնում, երբ կողմերից մեկի կարծիքով վտանգվում է մյուսի անվտանգությունը, եւ փորձում են ընդհանուր դիրքորոշումներ մշակել նման հարցերի վերաբերյալ։

Պայմանագրի մի առանձին հոդված նվիրված է տնտեսության, արդյունաբերութ­յան, գիտության եւ տեխնիկայի բնագավառ­ներում համագործակցությանը։ Մասնա­վորապես, տնտեսության մեջ առանձնացված է վեց ոլորտ, տնտեսության վերակառու­ցում եւ ղեկավարում, տրանսպորտ եւ սար­քավորումներ, էներգիա, ագրարային սեկ­տոր եւ ռեսուրսների շահագործում։ Հոդ­վածների մի խումբ անդրադառնում է գիտ­նականների, ուսանողների, մշակույթի գոր­ծիչների, հասարակական կազմակերպութ­յունների, կուսակցությունների փոխշփումներին եւ փոխայցելություններին։ Վերջա­պես, հատուկ մի հոդված համակարգում է համագործակցությունը թե՛ քաղաքացիական իրավունքի ոլորտում եւ թե՛ իրավապահ մարմինների միջեւ։ Հաջորդ օրը ՀՀ նախագահր հանդիպումներ է ունեցել ֆրանսահայ գործարար մարդկանց եւ հասարակական գործիչների հետ։ Հանդիպել է նաեւ Թուրքիայի ազգայ­նական կուսակցության ղեկավար, իր հա­կահայ կարծր դիրքորոշմամբ հայտնի Արփարսլան Թյուրքեշի հետ. քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Փարիզի համագումարների պալատում ՀՀ նախագահը հանդիպել է ֆրանսահայ համայնքի 2 հազար ներկայացուցիչների հետ։ Երկժամանոց հանդիպումն անցել է ջերմ եւ, Ա. Աբրահամյանի բնորոշմամբ, խանդավառ, ընդ որում մամուլի ծառայութ­յան ղեկավարը հարկ համարեց ընդզծել. «Դահլիճում ներկա էին բոլոր հայ կուսակ­ցությունների ներկայացուցիչները, սակայն, որպես պետության մեջ երկար տարիներ ապրած մարդիկ, նրանք ընդունում էին նա­խագահին ոչ թե որպես անձ, որպես Լեւոն Տեր-Պետրոսյան, այլ որպես Հայաստանի անկախ պետականության խորհրդանիշ»։ Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հան­դիսավոր պայմաններում Շառլ Ազնավու­րին է հանձնել նրան հատուկ հանձնարա­րությունների գծով ՀՀ դեսպան նշանակե­լու հրամանագիրը։ Մարտի 14-ի երեկոյան ՀՀ պատվիրակությունը վերադարձել է Երեւան։

«Երկիր»–ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են շոշափել իրենց զրույցում ՀՀ նախագահ Լ. Տեր–Պետրոսյանը եւ Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավար Ա. Թյուրքեշը, Ա. Աբրահամյանը պատասխանեց, որ փոխադարձ պայմանավորվածություն կա այդ զրուցի բովանդա­կությունը չհրապարակել, իսկ հաջորդած հարցին պատասխանեց, որ այո, այդ պայ­մանավորվածությունը վերաբերելու է ոչ միայն հայկական, այլ թուրքական մամուլին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives