«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)
Քաղաքային խորհուրդը վրդովվել է։ Նախկին քաղաքապետը նորից հայտնվեց ասպարեզում ու, ոչ ավելի – ոչ պակաս, թքեց քաղաքային իշխանության երեսին։ Ու պարտքը կատարած հեքիաթի հերոսի նման նորից անհետացավ քաղաքից (բա, ասում էիր՝ «Հայտնեք, որ ես արդեն քաղաքում եմ»): Պարոն Գալստյան, քար ես գլորել, գուցե ցանկանամ իմանալ մինչեւ ուր գլորվեց։
1988-ի սկզբներին հայտնվեցիր Թատերական հրապարակի բեմին։ Կրակոտ ելույթներ էիր ունենում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էիր։ Բայց հիշիր, նույն 88-ին, երբ Չարբախի բնակարաններից մեկում «Հայրենիք» ամսագիր էր տպվում, դու գալիս ու խնդրում էիր գրվածքներդ տպագրել, բայց անուն – ազգանունդ չտպել։ Հիշում ես, պարոն Գալստյան։ Ես որ հիշում եմ։ Վախենում էիր։ Հիմա առյուծ ես կտրել։ Ո՞նց եղավ, ե՞րբ հասցրիր։ Հիմա արդեն առանց վախի հայտարարում ես՝ ես քաղաքում եմ։ Ո՞ւմ բառապաշարից ես վերցրել, գոնե գիտակցում ես։
Դու ե՞ս պետությունը, Համբարձում Գալստյան։