«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Մարտի 9-ին Տավուշ էին ժամանել Ռուսաստանում ԱՄՆ-ի զինվորական կցորդի օգնական, փոխգնդապետ Պավել Նելսոնը եւ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի դեսպանության զինվորական կցորդի ներկայացուցիչ Դոն Դելոնը։ Նրանց ուղեկցում էր Հայաստանի գլխավոր սահմանապահ կոմիսար Գրիգոր Գրիգորյանը։ Շրջխորհրդում նրանց սահմանամերձ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հայտնեցին Տավուշի պարետ, գնդապետ Վազգեն Ղավալյանը, տեղական իշխանության ներկայացուցիչները։ Այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իրենց այցը, պրն Դելոնը պատասխանեց, թե Հայաստանից եւ Ադրբեջանից իրարամերժ ու հակասական տեղեկություններ են ստացվում, ուստի եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին։ Դեսպանությունների ներկայացուցիչները եղան սահմանամերձ Այգեպար գյուղում եւ դարձան թշնամու հերթական հրետակոծության ու պատճառած ավերածությունների ականատեսը։