Ազգ, 31 մարտի, 1993թ., թիվ 58(309), չորեքշաբթի
Համառ մարտեր Լաչինի միջանցքի հյուսիսում
Մարտի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը ռազմական գործողությունները ԼՂՀ Մարտակերտի և Ադրբեջանի Քելբաջարի շրջանների սահմանային գոտում շարունակվում էին: Կասեցնելով ադրբեջանական կազմավորումների լայնածավալ գրոհը՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն անցել են հակահարձակման և լիովին ազատագրել Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Չարեքտարը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը:
Զարգացնելով հաջողությունը՝ հայկական կազմավորումներն ամբողջովին լռեցրել են թշնամու կրակակետերը ադրբեջանական Ենիքենդ, Աղջաքենդ և Աղլափայա բնակավայրերում: Կատաղի մարտերի ընթացքում ադրբեջանական բանկը կորցրել է 17 զինվոր: Հայկական կողմից զոհվել է երեք մարդ: Կան նաև վիրավորներ: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը թշնամուց առգրավել են երկու տանկ, երեք հետևակի մարտական մեքենա և մեծ քանակությամբ զինամթերք: Չարեքտարի համար մղված մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Բարմեն Գրիգորյանը:
Մարտի 29-ին և երեկ առավոտյան մարտերը շարունակվում էին նաև Մարտակերտ շրջկենտրոնի մատույցներում՝ մասնավորապես հեռուստաաշտարակի մերձակայքում: Ռազմաճակատի այս հատվածում էական փոփոխություններ չեն եղել: Ըստ այլ աղբյուրների, հայկական կազմավորումներին հաջողվել է գրավել հեռուստաաշտարակի բարձունքը:
Միաժամանակ ռազմական գործողությունները շարունակվում էին նաև Լաչինի մարդասիրական միջանցքի հյուսիսային մատույցներում, որտեղ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ետ մղել թշնամու զանգվածային գրոհը և ոչնչացնել մի քանի կրակակետ: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:
Իրենց հերթին ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, թե Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածում տեղի ունեցող մարտերի ընթացքում իբր խփվել է հայկական մեկ տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա, մեկ «Գրադ» կայանք և երկու բեռնատար: Ըստ նույն աղբյուրների, հայկական կազմավորումներն օգտագործում են նաև ռազմական ուղղաթիռներ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե հայկական կազմավորումներն օկուպացրել են Քելբաջարի շրջանի տարածքի մի մասը:
«Ազգ»