Ազգ, 26 մարտի, 1993թ., թիվ 55(306), ուրբաթ
Մարտի 24-ին դիրքային մարտեր էին ընթանում Կապանի շրջանի սահմանամերձ Ճակատեն, Սրաշեն և Շիկահող գյուղերի մերձակայքում: Օրվա երկրորդ կեսին հայկական կազմավորումներին հաջողվել է դիրքային բացահայտ առավելության հասնել թշնամու նկատմամբ՝ գրավելով մարտավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ: Այս մասին Զանգեզուրից հայտնում է մեր թղթակից Հասմիկ Բաբաջանյանը:
Անհաջողություն կրելով դիրքային մարտերում՝ ադրբեջանական կազմավորումները մարտի 24-ի երեկոյան ժամը 22:30-ից սկսած մոտ երկու ժամ շարունակ «Գրադ» կայանքներից հրետակոծել են Կապան քաղաքն ու մերձակա հայկական պաշտպանական դիրքերը: Քաղաքի վրա արձակվել է մոտ 50 արկ, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 2 խաղաղ բնակիչ: Կան նաև ավերածություններ: Պատասխան կրակից հետո հրետակոծությունը դադարել է:
Երեկ օրվա առաջին կեսին դիրքային մարտերը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում շարունակվում էին:
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախորդ գիշեր Հայաստանի Իջևանի և Կրասնոսելսկի շրջանների սահմանամերձ գոտիներում արձանագրվել են կարճատև փոխհրաձգություններ: Հայկական կողմից տուժածներ չկան:
«Ազգ»