Ազգ, 24 մարտի, 1993թ., թիվ 53(304), չորեքշաբթի
Ադրբեջանական կազմավորումները կենդանի ուժի զգալի կորուստներ են կրել մարտի 22-ի երեկոյան՝ Կապանի շրջանի սահմանային գոտու ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ գրոհի ընթացքում: Ինչպես երեկ տեղեկացանք Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հայկական ուժերին հաջողվել է ոչ միայն լիովին կասեցնել թշնամու գրոհը, այլև վերահսկողություն սահմանել մարտավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքների վրա: Հայկական կողմից վիրավորվել է երեք զինվոր:
Երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Հայաստանի սահմանամերձ մյուս շրջաններում համեմատաբար հանգիստ է եղել: իրենց հերթին ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե երեկ և նախորդ գիշեր Հայաստանի Կապանի շրջանի տարածքից հրետակոծվել և գնդակոծվել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանամերձ բնակավայրերը: Տուժածների և ավերածությունների մասին մանրամասնություններ չեն հաղորդվում: Ըստ նույն աղբյուրների, գնդակոծվել են նաև Ադրբեջանի հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջանները:
«Ազգ»