November 27, 2024

Ռուսլան Խասբուլատովը ժամանեց Երևան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Ազգ», 20 մարտի, 1993թ., շաբաթ

«Ես որոշեցի գալ Հայաստան, քանի որ մեր ծանր ժամանակներում հանգիստ օրերի սպասելն անօգուտ գործ է»

Ռուսաստանի խորհրդարանի ղեկավար Ռուսլան Խասբուլատովը գտնում է, որ ժողովրդավարության ուղին առաջինը բռնած հանրապետությունը առաջինն է փորձարկում հետադարձ միտումը՝ նահանջ զարգացման ժողովրդավարական ճանապարհից: Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքներին նվիրված բրիֆինգում նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանում նկատվում են «բռնատիրության որոշակի տարրեր»: Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ «Ռուսաստանում իրադարձությունները կզարգանան նորմալ» և կոչ արեց չանհանգստանալ Ռուսաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչների «չափազանց հուզավառ փոխազդեցության» առիթով: Խասբուլատովը գտնում է, որ Ռուսաստանի օրենսդրական իշխանության վրա ձեռնարկվող հարձակումների պատճառներից մեկը տնտեսական քաղաքականության ձախողումներից հասարակության ուշադրությունը շեղելու ձգտումն է: Արտահայտելով ամենավճռական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու խորհրդարանի մտադրությունը, նա նշեց, որ 8-րդ համագումարում ընդունված որոշումները կառավարության թույլ կտան իրագործել անհրաժեշտ բարեփոխումներ: Այդ մասին երեկ հայտնեց ԻՖ-ը:

Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, ՌԴ խորհրդարանի նախագահը ծրագրել էր այցեր ԱՊՀ մայրաքաղաքներ: Երեկ երեկոյան նա Կիևից ժամանեց Երևան:

«Ռուսաստանն ապրում է ծանր ժամանակներ»,— «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված լրագրողներին հայտարարեց Ռուսլան Խասբուլատովը: «Ռուսաստանը կարծես օրորվող նավի վրա լինի: Այդպես էլ ապրելու ենք, ցնցումների պայմաններում, քանի դեռ հանգիստ չէ»: «Ես որոշեցի բարեկամական այց կատարել Հայաստան, քանի որ մեր ծանր ժամանակներում հանգիստ օրերի սպասելն անօգուտ գործ է»,— շարունակեց Ռուսաստանի երկրորդ դեմքը: Խասբուլատովն իր այցի նպատակն է համարում հատկապես երկու երկրների միջխորհրդարանային կապերի աշխուժացումը և համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական կացության առավել ուշադիր զննումը, հաղորդում է Սնարքը: Հանդիպումների ժամանակ ուշադրություն է դարձվելու նաև այն պայմաններին, որոնց մեջ գտնվում է Հայաստանը: Խասբուլատովը հայտարարեց, որ Ռուսաստանն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է ցույց տալիս և ցույց կտա Հայաստանին:

Այսօր առավոտյան ՀՀ Գերագույն խորհրդում, փակ դռների ետևում Ռուսլան Խասբուլատովը կհանդիպի ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի և նախագահության անդամների հետ: Կեսօրից հետո նա մեկնելու է Երևանից:

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ խորհրդարանի նախագահին դիմավորեցին Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը, Արտաշես Թումանյանը, Վիգեն Չիթեչյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Վլադիմիր Ստուպիշինը և այլք: Խասբուլատովին ուղեկցում էին Ռուսաստանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives