«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)
Ադրբեջանական ուղղաթիռներ՝ Կապանի սահմանագլխին
Մարտի 22-ի կեսօրից հետո իրադրությունը կտրուկ սրվել է հայ-ադրբեջանական սահմանի Կապանի հատվածում։ Դիրքային մարտերը թեժացել են Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն գյուղերի հատվածում։ Քաղպաշտպանության շտաբը Կապանում տագնապ է հայտարարել։ Նույն օրը երեկոյան պարզվել է, որ ադրբեջանական զինված խմբավորումները փորձել են մտնել հայկական գյուղերի տարածքը եւ դիրքավորվել, բայց արժանի հակահարված ստանալով նահանջել են՝ տալով մեծ կորուստներ։ Հայկական կողմից վիրավորվել է 3 ազատամարտիկ։
Մարտի 23-ին իրավիճակը դարձյալ լարված էր Կապանի սահմանամերձ գոտում։ Վաղ առավոտից վերսկսվել են դիրքային մարտերը։ Ժամը 11:40-ին ադրբեջանական 2 ուղղաթիռ գնդակոծել են հայ ազատամարտիկների պաշտպանական դիրքերը։ Ժամը 12:30-ի տվյալներով, Կապանում հայտարարված օդային տագնապ բնակչությունը ապաստարաններում է: Մարտերը շարունակվում են: Հայկական ջոկատները լռեցրել են հակառակորդի երկու կրակակետ եւ վերահսկում են իրենց բոլոր դիրքերը: