November 28, 2024

Հայաստանի վարչատարածքային բաժանումն սկսվե՞ց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 23 մարտի, 50 (391)

Զանգեզուրի առաջին պետնախարարի մամլո ասուլիսը

Վազգեն Սարգսյանն այս անգամ լրագրողներին ներկայացավ որպես պետական նախարար: Նոր պաշտոնում նա զբաղվելու է «Սյունիք-Զանգեզուր» երկարաժամկետ պետական ծրագրի իրականացմամբ: Բացելով ասուլիսը` պետնախարարը տեղեկացրեց, որ այս ծրագիրը քննարկման նյութ էր դեռևս մեկ տարի առաջ, բայց հարցը առայսօր հասունացած չէր: Նա հայտնեց նաև, որ ծրագիրը 5-10 տարվա համար չէ, այլ ավելի երկար ժամանակահատվածի, և իր մեջ ներառում է տարածաշրջանի ռազմական, տնտեսական, քաղաքական և մյուս բոլոր բնագավառների համակարգված զարգացումը: Երևի կարիք չկա բացատրել Զանգեզուրի նշանակությունը ողջ Հայաստանի (նաև Արցախի) ապագայի համար, ուստի այս ծրագիրը, թեկուզ այսքան ուշացումով, շրջանառության մեջ դնելը կարելի է միայն ողջունել: Պետնախարարը սահմանափակվեց շատ կարճ, բառացիորեն 3-4 րոպեանոց նախաբանով` առաջարկելով խոսակցությունը շարունակել հարցուպատասխանով:

Ինչո՞ւ հատկապես Զանգեզուր

Պետնախարարի խորին համոզմամբ, «Սյունիք-Զանգեզուր» ծրագիրը այսօր ամենակարևորն է, նույնիսկ` աղետի գոտուց կարևոր: «Եթե ցանկանում ենք ունենալ պաշտպանված Հայաստան, պետք է ունենանք ամուր Զանգեզուր: Այսօր մենք ունենք այն իրողությունը, որ Զանգեզուրի թիկունքը պահում է Արցախը»: Վ. Սարգսյանը գտնում է, որ այս վիճակն անբնական է. իրականում հակառակը պետք է լինի:

Տա Աստված, որ մեզ հաջողվի հասնել այդ խիստ ցանկալի իրողությանը, և Զանգեզուրը իսկապես դառնա այն ամուր բերդը, որի կողքին Արցախն իրեն իսկապես վստահ կզգա:

Գոբլի ծրագիր – «Սյունիք» ծրագիր

Կարելի՞ է ներկայացվող ծրագիրը դիտել որպես Գոբլի տխրահռչակ ծրագրի պատասխան: Պետնախարարը գտնում է, որ խիստ ցանկության դեպքում կարելի է նաև այդպես մտածել, չնայած ինքը Գոբլի ծրագրերին միշտ հումորով է վերաբերվել և առաջին անգամ դրա մասին լուրջ խոսում է այս ասուլիսի ժամանակ:

Ինչպե՞ս են բաշխվելու լիազորությունները

Պետնախարարը ընդամենը օգնելու է տեղական իշխանություններին իրենց լիազորությունները լիովին կիրառելու գործում: Միաժամանակ, ըստ Վ. Սարգսյանի, բազմաթիվ անհարթություններ կան, և պետական նախարարին շնորհված լայն լիազորությունները հնարավորություն են տալիս բազմաթիվ հարցեր շատ արագ լուծել: Նա չթաքցրեց, որ տրված լիազորությունների սահմաններում ինքն իշխանություն է բանեցնելու` պահանջելով ծրագիրը իրականացնել:

Երկիմաստ դրություն է ստեղծվում: Մի կողմից տեղական իշխանությունների ունեցած լիազորությունները չեն սահմանափակվում կամ կրճատվում, մյուս կողմից պետնախարարի լիազորությունները ակնհայտորեն վերադասվում են. նրա բանեցրած իշխանությունը շատ ավելի ազդեցիկ իշխանություն է:

Ի դեպ, պետնախարարը անհրաժեշտ է համարում Սյունիք-Զանգեզուրում օրենքների դիկտատուրայի հաստատումը, և, ըստ երևույթին, այդ նպատակով է իր աշխատակազմում ընդգրկել ՆԳ նախարարի տեղակալ Սուրեն Աբրահամյանին:

Ռազմական և այլ խնդիրներ

Առաջնահերթությունը տրվելու է ռազմական շինությունների կառուցմանը` սկսած զորանոցներից, վերջացրած ռազմաինժեներական շինություններով: Մեծ նշանակություն է տրվելու սահմանամերձ բնակավայրերին` դրանց պաշտպանունակությունը արագ մեծացնելու իմաստով: Պետնախարարի ուշադրության կենտրոնում են լինելու Արաքսի կամրջի շինարարությունը, Իրան-Հայաստան գազատարը, Լիճքի ջրամբարը և այլ կարևորագույն օբյեկտներ: Ծրագրում արդեն իսկ որոշված է կառույցների առաջնահերթությունը, սկսված է դրանց ֆինանսավորումը, որին մասնակից է նաև «Հայաստան» հիմնադրամը: Վ. Սարգսյանը հավաստիացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսեն իրականացնել շինարարությունը:

Անցյալի բեռը

Եվ այնուամենայնիվ լրագրողները չդիմացան ու հարցրեցին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս հանձնվեց Արծվաշենը: Հնարավո՞ր է գոնե հետին թվով ճշմարտությունն իմանալ: Նախկին պաշտպանության նախարարի պատասխանը հիմնականում հին վարկածի կրկնությունն էր. արծվաշենցիները լքեցին գյուղը, չկռվեցին, իսկ այնտեղ մնացած բանակի զորամասը շատ փոքրաթիվ էր: Բայց ասվեց նաև այն, ինչը մինչև հիմա չէր ասվում: Վ. Սարգսյանը հայտարարեց, որ նորմալ երկրների միջև նման դեպքերում տեղի են ունենում տարածքների փոխանակում: Անհրաժեշտ էր ենթադրել, որ Արծվաշենը փոխանակվել է ինչ-որ այլ տարածքի հետ, որի ոչ տեղը, ոչ անունը պետնախարարը չհայտարարեց: Ասաց միայն, որ Արծվաշենը (ինչպես նաև Գետաշենը) հենց միայն աշխարհագրական դիրքի պատճառով հնարավոր չէր պահել: Նորություն էր և այն, որ, պետնախարարի խոսքերով, այդ օրերին համարյա բոլոր ընդդիմադիր կուսակցություններից զանգահարում էին իրեն ու պահանջում ժողովրդին գյուղից դուրս հանել:

Վազգեն Սարգսյանը նորից հիշեցրեց, որ ի պաշտոնե բոլոր պարտությունների հիմնական մեղավորն ինքն էր, և իզուր էր խորհրդարանը մեղավորներ փնտրում. ինքը ոչ մեկից չէր թաքնվում:

«Զանգեզուր-Սյունիք» ռազմավարական ծրագրի գաղափարը վաղուց էր թակում մեր դռները: Այս նոր նշանակումը թերևս արժե հասկանալ որպես Հայաստանի իշխանությունների աշխարհայացքի շրջադարձ: Դեպի մեզ: Եվ տրամաբանական կլինի մոտ ապագայում սպասել «Լոռի», «Սևանի ավազան», «Հյուսիս-Արևելք» և այլ ոչ պակաս կարևոր ռազմավարական ծրագրերի կենսագործմանը: Հուսանք:

Ո.Մ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives