«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)
Վաղուց օրակարգում է սահմանադրության վերափոխման խնդիրը։ Այս հարցը ներկայացվում է լայն հայեցակետով փոքր փոփոխություններով բավարարվելուց մինչեւ նոր հիմնական օրենք ընդունելու առաջարկությունը։
Եթե մինչեւ 1991-ի աշնանային ընդհանուր ընտրությունները սահմանադրական բարեփոխման հարցը ընդդիմություն-կառավարություն վիճաբանության խնդիր էր, ապա ընտրություններում մեծամասնություն շահելով եւ նոր կոալիցիոն կառավարություն կազմելով՝ այն տեղափոխվեց պետական բարձրագույն օղակներ՝ դառնալով Դեմիրել-Օզալ մենամարտի հիմքը։ Թուրքիայի գործող սահմանադրությունը պաշտոնապես ընդունվել է 1982-ի նոյեմբերին կայացած հանրաքվեի արդյունքում։ Այն կազմվեց եւ հաստատվեց 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից երկու տարի անց, եւ, բնականաբար, իր վրա կրելու էր այդ օրերի ազդեցությունն ու տրամաբանությունը։
1982-ի հիմնական օրենքում մեծ լիազորություններ եւ իրավասություններ է տրված նախագահին, պահպանված են ձախ գաղափարախոսությունների տարածման արգելքները սահմանփակված է օտար լեզուների, (այսինքն՝ քրդերեն) զործառությունը: Եվ վերջապես՝ կա մի մեծ սողոսկման ճեղք զինվորականների համար: Այս բացը խիստ քննադատում են բոլոր կուսակցությունները եւ պահանջում վերացնել։ Խոսքը սահմանադրության չարաբաստիկ 15-րդ հոդվածի մասին է, համաձայն որի «արտակարգ իրավիճակներում, պայմանով, եթե չեն խախտվի միջազգային պարտավորություններից հետեւող ստանձնումները, հիմնական իրավունքների եւ ազատությունների գործադրությունը կարող է մասամբ կամ ամբողջությամբ կասեցվել կամ էլ կարող են սահմանաղրությամբ չնախատեսված միջոցներ ձեռք առնվել»։ Այս կետը փաստորեն զինվորականներին հնարավորություն է տալիս միջամտել քաղաքականությանը եւ ցանկացած պահի երկրի ղեկից հեռացնել քաղաքացիական իշխանություններին՝ պատճառաբանելով ազզային անվտանգությունը եւ երկրի ամբողջականության դեմ վտանգը։
Դեմիրելը երկու անգամ 1971-ին եւ 1980–ին, նման «մեթոդներով» ստիպված է եղել թողնել վարչապետի պաշտոնը, ուստի առավել զգացականությամբ է պայքարում այս կետի վերացման համար։
1991-ի հոկտեմբերին կազմավորված կոալիցիոն կառավարությունը («Ճշմարիտ ուղի» եւ Ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների մասնակցությամբ) իր առաջին գործերից մեկը հայտարարեց սահմանադրության փոփոխումը՝ անցյալ տարվա մարտին ներկայացնելով առաջարկությունների փաթեթ։
Փոփոխություններ իրականացնելու առավել մեծ հնարավորություններ առաջ եկան Էքթա Օզդենի՝ սահմանադրական դատարանի նախագահ դառնալուց հետո, քանզի վերջինս խիստ սրված հարաբերությունների մեջ է Օզալի հետ։ Բայց կառավարության ձգտումը դեռ բավարար չէ. այս ծրագրի դեմ ծառացած են մի շարք լուրջ խնդիրներ։
Նախ, բանակի վերաբերմունքը այնքան էլ համաձայնողական չէ։ Նախկին նախագահ եւ 1980-ի զինված հեղաշրջման ղեկավար Քենան Էվրենը (որն այժմ էլ հեղինակություն է զինուժերում) հայտարարում է. «Իհարկե, սահմանադրությունում կարելի է փոփոխություններ կատարել, բայց ցանկալի է, որ դրանք մեծ թիվ չկազմեն։ 1980-ից այս կողմ հիմնական փոփոխություններ պարտադրող պայմաններ կամ պահանջներ չկան։ Կարելի է պատժական հայցերին, դատական խնդիրներին վերաբերող կետերը վերանայել, բայց պետք չէ մտածել հիմնական փոփոխությունների մասին»։ Այս հայտարարությունը ավելի քան ազդեցիկ է եւ զգուշացնող։
Երկրորդ արգելքը գալիս է հենց Օզալից։ Նա իր «վետոյի» իրավունքը օգտագործում է ամեն անգամ, երբ առաջարկվում է փոփոխությունների նախագիծ։ Դեմիրելին մնում է խորհրդարանում հավաքել ձայների 2/3-ը, այսինքն ոչ ավել, ոչ պակաս 300 քվե, ինչը այնքան էլ հավանական չէ։ Բայց նա կարող է 270 ձայնով «մկրատել» Օզալի իրավասությունները։ Այդպես էլ մտադիր է վարչապետը։ «Իմ կառավարությունը ի տարբերություն նախորդի մաքուր է։ Կարո՞ղ եք ցույց տալ որեւէ օրինախախտում։ Սահմանադրության փոփոխությունների համար եթե հնարավոր չի հավաքել 300 քվե, ապա 270 ձայնով մենք կորոշենք հանրաքվե անց կացնել»։ Վերջին միջոցը՝ հանրաքվեն, սարերի հետեւում չէ արդեն: Մանավանդ որ հասարակության մեջ ուժգնանում են փոփոխությունների պահանջները:
«Թուրքիան այսօր ապրում է 1980-ի սեպտեմբերի 12-ի կարգուսարքով: Եվ մինչև 1990-ականները ոչինչ չի փոխվել կացության մեջ։ Եթե իրոք ուզում ենք ժողովրդավարական օրենքներով ապրել, սահմանադրությունը պիտի փոփոխությունների ենթարկվի»,– գրում է «Ջումհուրիեթը»։
Դեմիրելին այժմ անհրաժեշտ է մյուս կուսակցությունների աջակցությունը ստանալ: Վերջերս փորձ արվեց ի մի բերել նրանց առաջարկները։ Խորհրդարանի նախագահ Հյուսմեթին Ջինդորուքի հրավերով փետրվարի վերջին կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում ի հայտ եկան տարբեր մոտեցումներ։ Յլմազը առաջարկում է միայն մասնակի փոփոխություններ կատարել, ԸԺԿ-ի նախագահ Դ. Բայքալը առաջնահերթ է համարում նախագահի լիազորությունների կրճատումը, քրդերի իրավունքների պաշտպանությամբ հայտնի ՀԵՓ-ը պահանջում է սահմանադրությունում վերացնել լեզվական արգելքները, իսկ իսլամական բարքերի պաշտպան «Րեֆահի» նախագահ Ն. Էրբաքանը կրոնի դեմ թշնամության վերացման կողմնակից է։
Սա առաջին քայլն էր, որ արվեց միավոր համար: Հ. Ջինդորուքը լավատես է եւ հավատում է, որ «փոփոխությունների կետերի, սահմանների հստակեցման» քննարկումները կարեւոր է շարունակել:
Դեմիրելը պատրաստվում է ճակատամարտի՝ փորձելով ստանալ ժողովրդի աջակցությունը: Իսկ Օզալը…
Գեղամ Մանուկյան