November 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Թուրքիան բարեկամական հատուկ զգացումներ է տածում Հայաստանի հանդեպ»

«Թուրքիան բարեկամական հատուկ զգացումներ է տածում Հայաստանի հանդեպ»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

«Թուրքիան միշտ էլ պաշտպանում է նրանց, ովքեր ճնշման եւ հալածանքների են ենթարկվում»,– մարտի 1-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործոց նախարար Հ. Չեթինը։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Ա. Կոզիրեւի հետ բանակցությունները Հ. Չեթինն անվանել է «արգասաբեր, լարված եւ օգտակար»։ Հայտնելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հիմնահարցեր՝ այդ թվում Բոսնիայում ու Հերցեգովինայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Չեթինը նշել է, որ երկու նախարարն էլ ամեն ինչ կանեն ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ «Մենք պայմանավորվեցինք, որ ավելի հաճախ կանցկացնենք թե՛ խորհրդակցական եւ թե՛ բարձր մակարդակի հանդիպումներ։ Ես հանդիպել եմ թե՛ Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի եւ թե՛ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ եւ կարծում եմ, որ նրանք երկուսն էլ շահագրգռված են պատերազմի ավարտման հարցում։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք վարվելու նրանց հետ, ովքեր հանդես են գալիս այդ տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորման դեմ»,– ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հաղորդելով այն մասին, որ «տարածաշրջանի բոլոր երկրների (խոսքը Թուրքիայի ազդեցության ոլորտների մասին է) հետ մենք բավականին ամուր կապեր ունենք», նախարարը նշել է, որ «տարածաշրջանի երկրների հետ կապերը որեւէ չափով ուղղված չեն երրորդ երկրի դեմ»։ Չեթինն ընդգծել է, որ Թուրքիան ոչ մի այլ երկրի հետ ազդեցության ոլորտների համար մրցակցելու որեւէ մտադրություն չունի։ Արձանագրելով, որ «գտնվելով միեւնույն աշխարհագրական տարածաշրջանում, Ռուսաստանը եւ Թուրքիան հիմնվում են միեւնույն անհրաժեշտ կողմնորոշիչների վրա, նախարարն ընդգծել է, որ «մենք չենք ձգտում մեր երկրների բնակչության թվաքանակն ավելացնել ի հաշիվ հարակից տարածաշրջանների»։

Թուրքիայի տարածքով դեպի շրջափակված Հայաստան մարդասիրական միջանցք բացելու վերաբերյալ «Հայլուր» գործակալության թղթակցի հարցին Հ. Չեթինը պատասխանել է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի անկախության հռչակման պահից Թուրքիան այն կարծիքին է եղել, որ այդ երկրներն իրենց ջանքերը պետք է նպատակաուղղեն իրենց ժողովուրդների բարգավաճմանն ու բարօրությանը։ Ես համոզված եմ. որքան ավելի արագ դադարեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումները, որոնք սկսվել են հայկական կողմից, այնքան ավելի արագ կարելի կլինի կայունացման հասնել տարածաշրջանում։ ԵԱՀԽ–ի շրջանակներում Ղարաբաղը ճանաչվել է բուն ադրբեջանական հող։ Հենց սկզբից Թուրքիան ողջունել եւ ամեն կերպ նպաստել է թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին մարդասիրական օգնության կազմակերպմանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives