«Հայաստանի Հանրապետություն», 10 մարտի, 1993թ.
Երեկ, մարտի 9-ի առավոտյան, անհանգիստ էր Նոյեմբերյանի սահմանագծում: Հակառակորդը շրջանի Ոսկերպար, Բաղանիս գյուղերի և նրանց պաշտպանական դիրքերի ուղղությամբ սկսել էր գործածել հաուբիցներ: Հայկական ուժերը պատասխան կրակով ձգտում էին լռեցնել թշնամու կրակոցները: Մեր կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր (երեքն էլ Բաղանիս գյուղից):
Ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ժամը 13 անց 30 րոպեի դրությամբ այդ սահմանագծում փոխհրաձգությունը դադարել էր:
Միաժամանակ, ժամը 14 անց 30-ին ադրբեջանական կազմավորումները ականանետներով, գնդացիրներով ու ավտոմատներով սկսել էին Տաուշի շրջանի Մովսես և Պառավաքար գյուղերի գնդակոծությունը:
Երեկ Գորիսի շրջանի Կոռնիձոր և Խնձորեսկ գյուղերի սահմանագծում սկսված փոխհրաձգությունը ժամը 15-ին մոտ դադարել էր: Մարտի լույսի 7-ի գիշերվա ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել Գետաբեկի զինյալների և Կրասնոսելսկի Վահան գյուղի պաշտպանների միջև: Նույն աղբյուրի հաղորդման համաձայն, տուժածներ չկան: