November 27, 2024

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 6 մարտի, 1993թ., թիվ 44(648)

Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովի «Մինսկի խմբի» անդամներն այս շաբաթ նախնական համաձայնության են հանգել մի կարևոր փաստաթղթի կապակցությամբ, որը հնարավոր կդարձնի դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում՝ վերջնական հրադադար հայտարարելու համար:

Համաձայնությունը ձեռք է բերվել Հռոմում, Մինսկի խմբի 1993թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը կայացած նախապատրաստական հանդիպման վերջին օրվա ընթացքում:

Նախապատրաստական հանդիպումը նախագահում էին Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին և փոխնախագահ պարոն Մարիո Սիկան: Հայաստանի կողմից բանակցություններ վարող պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Նրան աշխատակցում էր խորհրդարանի անդամ Խաչատուր Բեզիրջյանը: Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը գլխավորում էր փոխվարչապետ Բորիս Առուշանյանը: Արտաքին գործերի նախարար Թոֆիկ Ղասիմը գլխավորում էր Ադրբեջանի պատվիրակությունը:

Փաստաթուղթը, որը հայտնի է «Լիազորությունների պայմաններ» անվամբ, սահմանում է դիտորդների առաջադրանքները և կարևոր քայլ է առճակատման թուլացման ուղղությամբ: Ըստ այդ փաստաթղթի, միջազգային դիտորդները տեղակայվելու են հակամարտության շրջանում՝ մի քանի հատուկ ռազմական քայլեր վերսկսելու նպատակով, ինչը պետք է հանգեցնի զինված ընդհարման դադարեցմանը, ինչպես նաև շրջափակումների վերացմանը, մարդասիրական օգնության անխափան մատակարարմանը:

Հայաստանն այս նախնական համաձայնությունը դիտարկում է որպես դեռևս համեստ, սակայն հուսադրող նշան այն բանի, որ կողմերը կարող են պատրաստ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը: Հայաստանն ակնկալում էր, որ առճակատման վերացումն անհրաժեշտ քայլ կլինի Մինսկի համաժողովի բացման համար, որը կորոշի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը:

Երկրորդ և հավասարապես կարևոր փաստաթուղթը, որի շուրջ պետք է բանակցություններ տեղի ունենան, հրադադարի կիրառման «գրաֆիկն» է: Մենա ակնկալու ենք բոլոր կողմերի մասնակցությունն այս փաստաթղթի պատրաստման գործում:

Հակամարտության հենց սկզբից Հայաստանի կառավարությունը գտնում էր, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական և ոչ թե ռազմական միջոցներով: Բանակցությունների միջոցով ձեռք բերվելիք լուծումն առաջին հերթին պահանջում է, որ Ադրբեջանը հրաժարվի հարցը զենքի ուժով լուծելու քաղաքականությունից և դադարեցնի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի սահմանների նկատմամբ:

Դժբախտաբար, երկու կողմերը բազմաթիվ կորուստներ պետք է ունենային, որպեսզի Ադրբեջանն սկսեր լրջորեն վերաբերվել հարցի խաղաղ լուծման հնարավորությանը:

Հայաստանը դեռևս վստահ չէ, որ Ադրբեջանը հրաժարվել է խնդիրը զենքի ուժով լուծելու և Լեռնային Ղարաբաղում էթնիկական զտում կատարելու քաղաքականությունից, և Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունը ընդամենը ժամանակավոր մարտավարական տեղաշարժ չէ՝ կապված վերջերս Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերից Ադրբեջանի կրած պարտությունների հետ:

Ինչևէ, Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի նոր դիրքորոշումը երկարատև կլինի, որով հնարավոր կլինի շուտափույթ համաձայնություն ձեռք բերել երկրորդ փաստաթղթի կապակցությամբ, որը կհանգեցնի հրադադարի:

Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Ադրբեջանը կդադարեցնի Հայաստան մտնող գազատարի և ճանապարհների նկատմամբ իր ահաբեկչական գործողությունները և ուղիղ երկխոսություն կսկսի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ խաղաղ գործընթացին վերաբերող փաստաթղթերի ու հրադադարի իրականացումն ապահովելու նպատակով:

Հայաստանն ակնկալում է նախագահության և Մինսկի խմբի այլ անդամների հետ շարունակական համագործակցությունը խաղաղ գործընթացի ողջ ժամանակահատվածում:

5 մարտի, 1993թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives