November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Հայրենիքը իր այլահպատակ զավակներին մոռանալու իրավունք չունի»

«Հայրենիքը իր այլահպատակ զավակներին մոռանալու իրավունք չունի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)

Երկու օր առաջ Աբխազիայից վերադարձավ ՀՀ Գերագույն խորհրդի պատվիրակությունը, որի կազմում էր ՀՅ Դաշնակցության պատգամավորական խմբակցության անդամ` Ռուբեն Հակոբյանը։ Մեր թղթակիցը նրան խնդրեց պատասխանել մի քանի հարցի։

– Ի՞նչ նպատակ էր հետապնդում ձեր այցը։

– Նախ եւ առաջ ասեմ, որ դա բազմակուսակցական պատվիրակություն էր. ԱԺՄ–ից՝ Շավարշ Քոչարյանը, ՀՀՇ-ից՝ Խաչատուր Բեզիրջյանը եւ ես։ Կային նաեւ Հայաստանի մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նպատակը մեկն էր. ծանոթանալ վրաց-աբխազական հակամարտության գոտու հայության վիճակին, նրանց օգնելու ելքեր որոնել։

Եղանք Գագրայի եւ Գուդաուտայի շրջաններում, ուր բոլորովին վերջերս թեժ մարտեր են եղել։ Ճակատագրի բերումով ռազմաճակատի գիծն անցնում է մեծավ մասամբ հայաբնակ վայրերի վրայով։ Տեղի հայությունը շատ է տուժել ու տուժում պատերազմից։ Իսկ որ պատերազմ է՝ կասկածից վեր է։ Ընդ որում՝ տիպիկ կովկասյան պատերազմ է. դաժան, անողոք, արյունարբու։ Շատ ու շատ հայ ընտանիքներ լքել են իրենց տները, դարձել փախստական, զոհեր են եղել, բռնություններ…

– Դա պատերազմի բերանն ընկած մարդու ճակատագի՞ր է, թե՞ որեւէ միտում կա տեղի հայության հանդեպ։

– Առաջինն ինքնին կա ու կա։ Ինչ վերաբերում է միտումնավոր վերաբերմունքին, ասեմ, որ տեղի հայությունն ուղղակի սարսափած էր վրացական «Մխեդրոնիի» գազանություններից։ Ասում էին, որ վրացիները ձգտում են մի գնդակով երկու նապաստակ խփել՝ լուծել աբխազական հարցը եւ միաժամանակ տեղահանել-քշել հայերին՝ ժողովրդագրական վիճակը հիմնովին եւ վերջնականապես լուծելով իրենց օգտին (անշուշտ գիտեք, որ Աբխազիայում հայերը վրացիներից հետո թվով երկրորդն են, բուն աբխազները ընդամենը 17 տոկոս են)։ Ես, իհարկե, չեմ կարող անվարան պնդել, որ դա պետական քաղաքականությունն է։ Սակայն որպես ականատես կարող եմ ասել` բռնության, հաշվեհարդարի, սպանության, թալանի դեպքեր կան։ Իսկ պետական քաղաքականությունը, ինչպես գիտենք, երբեմն, եւ շատ հաճախ, իրականացվում է զարտուղի ճանապարհներով։ Աբխազական կողմը, իրենց իսկ խոստովանությամբ, շահագրգռված է տեղում հայության գոյությամբ, դա որոշ հակակշիռ է։ Իսկ վրացական կողմը նման շահ չունի։

– Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է անել վրաց-աբխազական հակամարտության գոտու հայության վիճակը տանելի դարձնելու, կյանքի ապահովության երաշխիքներ ստեղծելու, տեղի հայ համայնքը պահպանելու համար։

– Ոչ թե «կարելի» է, այլ՝ պետք է. շուտափույթ քայլեր պիտի ձեռնարկվեն։ Հիշեցնեմ, որ մոտ մեկուկես ամիս առաջ նմանատիպ մի պատվիրակություն արդեն եղել էր Աբխազիայում եւ Հայաստանի կառավարությանը ներկայացրել առաջարկություն՝ հակամարտության գոտու երկու կողմում ունենալ ներկայացուցիչ։ Գտնում եմ, որ սա առաջին եւ անհետաձգելի քայլն է, որ պետք է անի Հայաստանի կառավարությանը։ Դա ինչ-որ չափով կզսպի հակամարտ կողմերին։ Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է բռնության դեպքերի մասին հարցապնդումներ ու բողոքի նոտաներ հղի Վրաստանի եւ Աբխազիայի իշխանություններին։ Մեր կառավարության պարտքն է պաշտպանել ե՛ւ իր քաղաքացիներին, ե՛ւ ազգությամբ հայ, բայց ճակատագրի բերումով այլ երկրի քաղաքացիներին։ Հայը, անկախ բնակության վայրի եւ քաղաքացիության, պետք է զգա, որ կա իրեն պաշտպանող ազգային պետության՝ Հայաստանը։ Դժբախտաբար, ներկա իշխանությունները չեն գիտակցում դրա կարեւորությունը։ Այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Վաղը, մյուս օրը նմանատիպ խնդիրներ կարող են ծագել ազգամիջյան բախումների այլ գոտիներում։ Եվ եթե դարձյալ մերի նման ընդամենը մի պատվիրակության ստեղծվի՝ առանց կառավարության կողմից կոնկրետ միջամտության, ապա դա ոչինչ չի տա, կլինի պարզապես մտահոգության կեղծ ցույց։ Ամեն պետություն եւ ժողովուրդ պետք է զգա, որ հայը պաշտպան ունի, հայության հանդեպ ոտնձգությունը պետք է արժանի հակահարված ստանա։ Ուր էլ լինի։ Կոնկրետ այս դեպքում գտնում եմ, որ առանց քաղաքական խաղերի պետք է հարցը հստակ դրվի Վրաստանի կառավարության առջեւ։

Հակամարտության գոտու վրացական կողմի հայերը գրեթե ամբողջությամբ լքել են իրենց բնակավայրերը, ապաստանել Սոչիում։ Նրանց վիճակը զարհուրելի է։ Եթե այսպես շարունակվի, շրջանի հայ համայնքը կքայքայվի։ Իսկ դա մեր ուժեղ, հավաք եւ կազմակերպված գաղութներից մեկն էր, որը բազմիցս, Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից, ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես օգնել է Հայաստանին։ Հայրենիքը իր այլահպատակ զավակներին մոռանալու իրավունք չունի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives