«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)
«Ես չեմ բացառում, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կընկնի ապագայի քաղաքագետների ուսերին, սակայն այսօր անհրաժեշտ է փնտրել ոչ թե հարցի արդարացի, այլ իրատեսական լուծումներ»,- նոյեմբերի 14-ին ՀՀ Գերագույն խորհրդում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության ԳԽ պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի ԳԽ պատգամավոր, ճանաչված պատմաբան Վիկտոր Շեյնիսը: Միևնույն ժամանակ նա ներկայացրեց հարցի լուծման իր տարբերակը:
«Ինձ թվում է, որ իրատեսական լուծում կլինի նախևառաջ միահյուսել ջանքերը կրակի դադարեցման ուղղությամբ: Դա այսօր ամենահրատապն ու ամենաանհրաժեշտն է: Երբ կրակը դադարեցվի, հաջորդ քայլը պետք է լինի զինադադարի վրա վերահսկողության սահմանումը: Ես կարծում եմ, որ խաղաղարար ուժերը պետք է տեղաբաշխել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանների իրական բաժանման գծում: Դա չի նշանակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու իրավական ճանաչում, բայց դե ֆակտո ճանաչվում է այն իրավիճակը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ընտրված որոշակի մարմիններ վերահսկում են Ղարաբաղը: Սրանցից հետո կգա Լաչինի միջանցքի հարցը: Այդ հարցը, իմ կարծիքով, պետք է կարգավորվի հետևյալ կերպ. այնտեղ պետք է տեղաբաշխվեն միջազգային խաղաղարար ուժեր, որոնք կերաշխավորեն բեռնափոխադրումների մարդասիրական բնույթը` տարածքը թողնելով Ադրբեջանի վարչական ենթակայության տակ, պայմանով, որ վերջ տրվի Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին: Հնարավոր է նաև հարցի լուծման երկրորդ` տարածքային փոխանակությունների տարբերակը, որը Լաչինի միջանցքի տարածքը, թեկուզ որոշ ժամանակով, կհանձնի Հայաստանին»,- հայտնել է Շեյնիսը: