«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մամլո ասուլիսը: Բացելով այն՝ լրագրող Պերճուհի Տատուրյանը հայտնեց, որ դա առաջինն է ասուլիսների այն շարքից, որը կազմակերպվում է՝ նպատակ ունենալով հանրապետության բնակչությանը ավելի մոտիկից ծանոթացնել տարբեր նախարարությունների աշխատանքին: Այնուհետև նախարարը, շատ հակիրճ ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվում է արագանալ: Նա բացատրեց, որ այդ աճը ուղղակի կապ ունի հանրապետությունում գտնվող չվերահսկվող զենքի առատության հետ: Հանցագործությունները աճը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 47 տոկոս է: Սիրադեղյանը հայտնեց, որ արդեն առգրավված ապօրինի զենքով կարելի է մի գունդ զինել:
«Այս վիճակում տիրապետել իրադրությանը դժվար է, բայց անհնար չէ»,- հայտարարեց նախարարը:
Այնուհետև սկսվեց հարցուպատասխանը: Պատասխանելով բացահայտված ու չբացահայտված հանցագործությունների թվի մասին հարցին, նախարարը տեղեկացրեց, որ անցյալ տարի բացահայտված 603-ի դիմաց այս տարի բացահայտվել է 1641 հանցագործություն, նկատել տալով բացարձակ աճը, իսկ թե ինչ տոկոսային հարաբերություն է կազմում բացահայտումների այդ քանակը, նա չճշտեց:
Մեր թղթակցի հարցին, թե նախարարության կողմից ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մի քանի օր առաջ թալանված ԼՂՀ ներկայացուցչությունը պաշտպանության տակ առնելու համար, Վ. Սիրադեղյանը պատասխանեց, որ այդ դեպքերին կա ընդհանուր մոտեցում, անհրաժեշտ է համապատասխան դիմում ներկայացնել նախարարությանը և, մուծելով համապատասխան գումար (նախարարն այստեղ շեշտեց նախարարության միջոցների խիստ սղությունը), ստանալ ոստիկանական պահակազոր:
Վանո Սիրադեղյանը շատ յուրօրինակ պատասխան տվեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր բնակչության զենք կրելու թույլատվություն տալուն: Նախարարն ասաց, որ ինքը կողմնակից է բնակչությանը զենք կրելու թույլտվություն տալուն: Նախարարն ասաց, որ ինքը կողմնակից է բնակչությանը զենք կրելու թույլատրելուն, վկայակոչելով այլ երկրների համապատասխան փորձը. նրա խոսքերով, դա բերում է հանցագործության կտրուկ նվազմանը:
Անդրադառնալով ոստիկանական ծառայողական պարտականություններին վերաբերվող հարցին, պարոն Սիրադեղյանը մասնավորապես նշեց, որ պիտի ստեղծել պատասխանատվության մի վերին սահման: Բացելով փակագծերը, նա բացատրեց, որ այդ սահմանը կարող է լինել պատժի առավելագույն չափը և նշեց պատժի տեսակը՝ գնդակահարություն: Նրա խոսքերով, այդ սահմանի անհրաժեշտությունը կա ոչ միայն ոստիկանության, այլև զինվորական կառույցներում, «որովհետև մենք հերոսների ազգ չենք և, ընդհանրապես հերոս ազգեր չեն լինում»:
Կազմակերպված հանցագործության խնդրին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ կան հին մաֆիոզ կառույցներ, ստեղծվում են նորերը, և «իրար հետ կլինեն մի 10-15 հատ այդպիսիք», որոնց դեմ պայքար է տարվելու: Մաֆիայի կատարած գործարքներից նախարարը նշեց հատկապես վերջերս հայտնաբերված պղնձի գործը, որը, ինչպես ինքն ասաց, հարյուրավոր միլիոններ արժեցող գործարք էր, և որում, իր կարծիքով, կհայտնվեն բավական բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:
Խոսելով նախարարության կազմի հիմնահարցերի մասին, Վ. Սիրադեղյանը կարևորեց երկու հանգամանք. ստորին և միջին օղակների անձնակազմի ցածր աշխատավարձը և հին սպայակազմի շատ անձանց՝ հանցավոր աշխարհի հետ ունեցած կապերը: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա մի քանի տարիներին այդ արատներից ձերբազատվելը կլինի անհնար, բայց ինքն աշխատելու է նախարարության կազմում ընդգրկել թարմ, երիտասարդ ուժեր:
«Բայց, քանի որ այս մեխանիզմում ամենաազնիվն էլ կես կամ մեկ տարի հետ կփչանա, անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ»,- եզրափակեց նա: