«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Հայաստանի յոթ կուսակցությունների «Ազգային դաշինք» միավորումը խոր անհանգստություն է հայտնում Աբխազական հանրապետությունում զինված բախումների և բռնությունների ծավալման կապակցությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ուժային դիմակայությունը վիճելի հարցերը լուծելու լավագույն ձևը չէ, ավելին՝ այն երրորդ ուժերին հնարավորություն է ընձեռում ներազդել մեր տարածաշրջանում կատարվող դեպքերի ընթացքի վրա, իսկ նման ազդեցությունները սովորաբար հակասում են այստեղ ապրող ժողովուրդների արմատական շահերին: Մեր պարտքն ենք համարում կողմերի ուշադրությունը հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ նմանօրինակ կոնֆլիկտների ժամանակ ամենից շատ տուժում է խաղաղ բնակչությունը: Հայաստանի ժողովուրդը անհանգստությամբ է հետևում դեպքերի զարգացմանը: Այդ անհանգստությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ կոնֆլիկտի գոտում բնակվում է հայության մի ստվար հատված, այլև մեր անհանգիստ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մտահոգությամբ:
Մեզ մոտ խիստ տարակուսանք ու զայրույթ առաջացրեց կոնֆլիկտի գոտու հայ բնակչության նկատմամբ կիրառած բռնությունների փաստը: Կարծում ենք՝ նման փաստերը կարող են անտեղի լարվածություն ստեղծել հարևան ժողովուրդների հարաբերություններում: Կոչ ենք անում հակամարտող կողմերին զերծ մնալ ուժի միջոցով հարցին լուծում տալու փորձերից և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ցավակցում ենք կոնֆլիկտի ընթացքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, բոլոր տուժածներին և հույս հայտնում, որ խաղաղությունը շուտով կվերահաստատվի: «Ազգային դաշինք» միավորումը, նկատի ունենալով հայերի մասսայական տեղահանություններն ու սպանությունները, այս հարցի նկատմամբ իշխանությունների ցուցաբերված անտարբերությունը, Հայաստանի ԳԽ նախագահությանը առաջարկում է.
ա) ստեղծել ՀՀ ԳԽ հատուկ պատվիրակություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և հայերի անվտանգությունը ապահովելու համար Վրաստանի իշխանությունների հետ բանակցելու նպատակով,
բ) հանդես գալ համապատասխան հայտարարությամբ
Ազգային Դաշինք միավորում