«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)
ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի մամլո ծառայության տեղեկությունների համաձայն, օգոստոսի 25-ին լույս 26-ի գիշերը մարտերը Մարտակերտի շրջանում շարունակվում էին: Առավել շիկացած է մթնոլորտը Դրմբոն գյուղի շրջակայքում: ԼՂՀ պաշտպանության ուժերին հաջողվել է շարքից հանել թշնամու մեկ հրասայլ: Ադրբեջանական կողմից կան նաև կենդանի ուժի կորուստներ: Լարված է մնում իրավիճակը նաև Մարտունու շրջանում, որտեղ տեղի են ունենում հեռահար ռմբակոծություններ և դիրքային մարտեր:
Ըստ տեղեկությունների օգոստոսի 26-ին առավոտյան ադրբեջանական Մուղանլու և Ամիրանլար գյուղերի տարածքից «Գրադ» կայանքից հրթիռակոծության է ենթարկվել Մարտունի քաղաքը: Զոհվել է մեկ հայ, կան ավերածություններ: Նույն օրը Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Մարտունու շրջանի պաշտպանության ուժերի դիրքերը: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Ասկերանի և Հադրութի շրջաններում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է: