November 27, 2024

Աբխազիայի հայկական համայնքը օգնություն է խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ Գերագույն խորհրդին

Աբխազիայի մոտ 100 հազար բնակչություն ունեցող համայնքը, որը տեղայնացմամբ և տեսակարար կշռով կարևոր հայկական գաղութներից մեկն է, այսօր Վրաստանի «դեմոկրատական» կոչված կառավարության գործողությունները հետևանքով ենթական է ֆիզիկական բնաջնջման կամ նորից ստիպված է գաղթի ճամփան բռնել:

Սույն թվականի օգոստոսի 14-ից սկսած վրացական գվարդիան, մեծ դաժանություն ցուցաբերելով, բռնազավթել է Սուխում քաղաքը, Օչամչիրիի, Գուլրիփշի, Գագրայի, Գանթիադիի և Գուդաուտի շրջանները, բռնություններ և ճնշումներ է կիրառել այլազգիների, այդ թվում նաև հայ բնակչության հանդեպ՝ ստիպելով նրանց բռնագաղթել: Այսօր մեկ կարգախոս է գործում Վրաստանում՝ «Աբխազիան միայն վրացիներին», որը փորձում են իրականացնել բռնի ուժով:

Գուլերիփշիի և Լեչկոպի հայաբնակ գյուղում, Սուխում քաղաքում, սկսած օգոստոսի 14-ից, թալանվում են հայ բնակիչների տները, խլվում են մեքենաները, ոչնչացվում է բերքը: Գվարդիականները և վրացական ոստիկանությունը կանգ չեն առնում ծեծի, կրակոցների, անգամ սպանությունների առջև: Հայտնի են դարձել Գուլերիփշիում և Սուխումում հայերի տները տանկերով և մեքենաներով քանդելու դեպքեր: Ձերբակալվել և պատանդ են վերցվել տասնյակ խաղաղ հայ բնակիչներ, այդ թվում՝ «Կռունկ» հայկական բարեգործական-հասարակական կազմակերպության Սուխում  մասնաճյուղի նախագահ, բժիշկ Սուրեն Քեհյանը, հայտնի գործարար Տիգրան Ծատուրյանը, մտավորականներ, գյուղի բնակիչներ:

Հայ գործարար մարդիկ դրամաշորթության են ենթարկվում: Տիգրան Ծատուրյանին այդ նպատակով ենթարկել են գազանային տանջանքների և տանկով ավերել տունը: Բռնազավթված Սուխումում սով է, չկան մթերքներ: Դա հանգեցրել է այն բանին, որ Աբխազիայի հայ բնակչության մի մասը արդեն լքել է մշտական բնակության վայրերը, բռնել Հայաստանի կամ հեռավոր գաղթի ճանապարհը: Մյուս մասը փախել է աբխազական ուժերի կողմից վերահսկվող տարածքներ: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների չմիջամտելու, վրացական պետության նկատմամբ ոչ քննադատական քաղաքականությունը շարունակելու դեպքում առանց այն էլ հյուծված Հայաստանը ստիպված պետք է լինի ընդունել հարյուր հազարի չափ փախստականներ Աբխազիայից և հաշտվել ծովամերձ ու նավահանգիստ ունեցող, ծաղկուն ու ազդեցիկ գաղութներից մեկի կորստյան հետ: Համառորեն խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Վրաստանի պետական զինված ուժերի կողմից կատարվող հայկական ջարդն ու բռնագաղթը կանխելու համար: այդ նպատակով խնդրում ենք հետևյալը.

  1. Քաղաքական և դիվանագիտական միջոցներով ազդել Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք հետևեն ժողովրդավարության իրենց իսկ հայտարարած սկզբունքներին և կանխեն հայկական բռնագաղթը;
  2. Հայաստանի պատգամավորներ և մտավորականներ ուղարկել Աբխազիայի հայաբնակ շրջանները՝ որպես անվտանգության երաշխավորներ:
  3. Վիրա-աբխազական հարաբերություններում, ելնելով միջանցիկ և Հայաստանին անհրաժեշտ ճանապարհ ունենալու կարևորությունից և հայ բնակչության առկայությունից, միջնորդական ջանքեր գործադրել խաղաղության հասնելու նպատակով:
  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives